Մատչելիության հղումներ

Նախարարը վստահեցնում է, որ գազի սակագինը առաջիկայում չի փոխվի


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չորեքշաբթի օրը հերքեց մամուլում հայտնված տեղեկությունները, թե թանկացել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազը:

«Գազի գինը չի փոխվում, չի փոխվելու եւ մինչեւ ապրիլի 1-ը որեւէ փոփոխություն չի լինելու», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը:

Ըստ մամուլի այսօրվա հրապարակումների, մինչդեռ, Ռուսաստանը 30 դոլարով բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը` 1000 խորանարդ մետրի դիմաց ներկայիս 180 դոլարը դարձնելով 210 դոլար: Ըստ նույն հրապարակումների, բնակչությանը մատակարարվող գազի սակագինը չի փոխվի, քանի որ «ՀայՌուսգազարդ»ը փոքրացնելու է սակագնի տարբերությունը` մարժան:

Այս կապակցությամբ Մովսիսյանը ասաց. - «Ես նույնպես թերթում կարդացի` 30 դոլարը «ՀայՌուսգազարդ»-ի մարժայի հաշվին փակի, դա ուղղակի հնարավոր բան չէ, որովհետեւ նրա մարժան ընդամենը 40 դոլարի սահմաններում է»:

Անդրադառնալով Հայաստանոււմ նոր ատոմակայան կառուցելու ծրագրին` Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ այս տարվա ապրիլին նախատեսված էր կոնֆերանս կազմակերպել` դոնորներին ներկայացնելու ատոմակայանի ընդհանուր կառուցվածքը, դիզայնը, սակայն, Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կոնֆերանսը հետաձգվել է մինչեւ աշուն:

«Այս պահին ցանկություն են հայտնել մասնակցելու ատոմակայանի կառուցմանը «Ռոսատոմ» ընկերությունը, մեկ-երկու այլ ընկերություններ այլ երկրներից: Դոնոր կոնֆերանսի ժամանակ այս բոլորը կքննարկենք», - ասաց նա:

Հիշեցնենք, նոր կառուցվելիք ատոմակայանն ունենալու է 1200 մեգավատտ հզորություն։ Կայանի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի 5-7.2 միլիարդ դոլար։

Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու առումով, ինչի մասին ինքը հայտարարել էր դեռ 2008 թվականին, Մովսիսյանը ասաց. - «Ցանկալի է, որ անենք, պատրաստ ենք անել, բայց 50 տոկոսը հարցի մեզնից կախված չէ, կախված է դիմացի կողմից: Այսօր էլ պատրաստ ենք` եթե թուրքական որեւէ ընկերություն կկարողանա իր մեջ այդ քաղաքական կամքը գտնել, այդ քաղաքական բարիերը հաղթահարել: Մենք պատրաստ ենք այդ համագործակցությունը սկսելու»:

Արմեն Մովսիսյանը այսօր անդրադարձավ նաեւ «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին. 2002 թվականից կառավարությունը փորձեր է անում ներդրողներ գտնել, որպեսզի Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկան գոնե ինքնածախսը ապահովի:

Կառավորող 3 ընկերություն ձախողել է այս գործը, հիմա կառավարությունը նոր հակաճգնաժամային ծրագիր է մշակել, որը, նախարարի ձեւակերպմամբ` գործարանը նորմալ արտադրական ռիթմի կբերի:

Ընդհանուր ծրագիրը մոտ 500 միլիոն դոլար արժե, որից 100 միլիոնը` միայն պարտքերի մարման համար.

«Հետաքրքրություն է ներկայացրել գերմանական «Սի Էյ Սի» ընկերությունը, որին հրավիրել ենք Հայաստան, որպեսզի բանակցություններ վարենք: Ընկերությունը քիմիական ոլորտում բավականին մեծ փորձ ունի: Հույս ունենք, որ բանակցությունները դրական արդյունք կբերեն», - նշեց նախարարը:

Իսկ եթե այս ընկերության հետ որեւէ համաձայնություն ձեռք չբերվի, կառավարությունը հայտերի ընդունման նոր ժամկետ կհայտարարի, քանի որ, ինչպես հայտնեց Արմեն Մովսիսյանը, հետաքրքրված այլ ընկերություններ էլ կան, բայց նրանք խախտել էին դիմելու ժամկետները:

Նախարարը խոստացավ, որ կմարվեն «Նաիրիտ»-ի աշխատավարձերի պարտքերը, չհերքեց, որ որոշ սարքավորումներ որպես ջարդոն վաճառվում են, ասաց` հին են, կոռոզիայի են ենթարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG