Մատչելիության հղումներ

logo-print

Միջքաղաքային միկրոավտոբուսների կայանման վայրը փոխվել է


Նախկին «Այրարատ» կինոթատրոնի հարակից տարածքը, որտեղ տարիները շարունակ կայանում էին միջքաղաքային երթուղայինները

Նախկին «Այրարատ» կինոթատրոնի հարակից տարածքը, որտեղ տարիները շարունակ կայանում էին միջքաղաքային երթուղայինները

Վաղ առավոտից Երեւանի նախկին «Այրարատ» կինոթատրոնի հարակից տարածքից դեպի այլ քաղաքներ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները անգործության էին մատնվել, քանի որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ միկրոավտոբուսներն ու տաքսիները պետք է կայանեն երկաթուղային կայարանի հարակից հրապարակում:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն այսօր արգելում էին կայանել այն վայրերում, որտեղից 10 տարուց ավելի Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Արթիկ, Ալավերդի, Տաշիր, ինչպես նաեւ մի քանի գյուղեր տանող երթուղային տաքսիներն ու միկրոավտոբուսները ուղեւորափոխադրումներ են իրականացրել:

Համաձայն Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության` Երեւան քաղաքի տրանսպորտային զարգացման հայեցակարգի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել է Երեւանի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու միջոցառումների ծրագիր: Այս ծրագրով նախատեսվում է, որ Երեւան քաղաք մուտք գործող տրանսպորտային երթուղիները իրենց վերջնականգառը հիմնականում պետք է կատարեն Երեւանի ավտոկայաններում եւ քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում:

Փաստորեն նախկին «Այրարատ» կինոթատրոնի տարածքում գործող «Հայավտոկայան» ՓԲԸ-ի երթակարգավորման կետը կտեղափոխվի երկաթուղային կայարանին հարակից հրապարակ: Մինչ այսօր այն գործել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Նարեկ» ՍՊԸ-ի տարածքում: Ընկերությունն իր տարածքը վարձակալության էր տալիս «Հայավտոկայան»-ին, որն էլ իր հերթին միջքաղաքային երթուղիները սպասարկող ընկերություններից ամենամսյա գումարներ էր գանձում երթակարգավորման կետը շահագործելու համար:

«Սիլ» կոնցեռնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ քաղաքապետարանի որոշումը իրենց դեմ ուղղված չէ:

«Հայավտոկայան» ընկերության տնօրեն Վարդան Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իրենք մի քանի օր առաջ են տեղեկացել քաղաքապետի հրամանի մասին, ինչն էլ տեղափոխման հետ կապված դժվարություններ է առաջացրել: Սողոմոնյանի խոսքով` կարելի էր պարզապես զգուշացնել եւ ժամանակ հատկացնել տեղափոխվելու համար:

«Բայց դե հիմա որ ոստիկաններով հանում են, ես ի՞նչ անեմ», - ասաց Սողոմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG