Մատչելիության հղումներ

Վարչապետը կանխատեսում է գնանկում՝ առաջիկա ամիսներին


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Երեւանի պետական համալսարանում: 13-ը հուլիսի, 2011թ.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Երեւանի պետական համալսարանում: 13-ը հուլիսի, 2011թ.

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը Երեւանի պետական համալսարանում ունեցած ելույթում անդրադարձավ երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին` շեշտելով, որ կառավարության ուշադրության կենտրոնում տնտեսության դիվերսիֆիկացիան է:

Ըստ Տիգրան Սարգսյանի, այսօր Հայաստանի տնտեսության կառուցվածքը հետեւյալն է` 54 տոկոսը ծառայություններն են, 17 տոկոսը գյուղատնտեսությունն է: Շինարարությունը, որը մինչեւ ճգնաժամը 28 տոկոս էր, այժմ կազմում է 14 տոկոս, իսկ արդյունաբերությունը` 15 տոկոս: Ընդ որում, վարչապետի խոսքով, արդյունաբերության մեկ երրորդը կամ ողջ ՀՆԱ-ի 5 տոկոսը ապահովում է հանքահումքային ոլորտը, որը «բավականին դինամիկ զարգանում է»:

Խոսելով միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009 թվականին Հայաստանում գրանցված տնտեսական անկման վերաբերյալ` Տիգրան Սարգսյանը ասաց, որ ԱՊՀ երկրները ունեցան ավելի խորը տնտեսական անկում, քան համաշխարհային տնտեսությունում էր, որովհետեւ «ԱՊՀ երկրների տնտեսությունները, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսությունը [դեռեւս] չունեն բավարար դիվերսիֆիկացիայի մակարդակ, եւ մեկ-երկու ճյուղերի անկումը էական հարված է հասցնում ամբողջ տնտեսությանը»:

«Նույն հիվանդությունը կար նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում: Մեզանում տնտեսական աճը մինչճգնաժամային 7 տարիների ընթացքում հիմնականում պայմանավորված էր շինարարության ոլորտով, եւ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ հասավ մինչեւ 28 տոկոսի: Դա աննախադեպ բարձր ցուցանիշ է: Եվ հիմնականում` արտասահմանից եկող մասնավոր ներդրումների հաշվին: Հասկանալի է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով արտասահմանից եկող մասնավոր ներդրումները էապես նվազեցին, եւ դա առաջին հերթին հարված հասցրեց շինարարության ոլորտին, եւ 2009 թվականին մենք շինարարության մեջ արձանագրեցինք 43 տոկոս անկում, որը եւ իր ազդեցությունը թողեց համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա»:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Հայաստանում գրանցվեց 14.4 տոկոս տնտեսական անկում, իսկ անցած տարի գրանցվեց աճ` 2.6 տոկոս:

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա պետբյուջեով նախատեսված է ապահովել 4.6 տոկոս տնտեսական աճ:

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսությանը, որը, վարչապետի ներկայացմամբ` այսօր «ամենապրոբլեմատիկ» ոլորտն է տնտեսության մեջ, որի զարգացումը, այդուհանդերձ, նույնպես գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում:

«Այսօր մենք գյուղատնտեսությունում ունենք 340 հազար տնտեսվարող եւ ընդամենը ունենք 420 հազար հեկտար մշակվող հող: Հասկանալի է, որ գյուղատնտեսությունում անհրաժեշտ է իրականացնել նոր ռազմավարություն, նոր ծրագիր, ինչը եւ հաստատվել է կառավարության կողմից: Այն այսուհետեւ կոչվում է ոչ թե Գյուղատնտեսության զարգացման, այլ Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման», - նշեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով, զբոսաշրջության զարգացումը նույնպես իր գլխավորած կառավարության առաջնահերթություններից է, եւ նպատակ կա հասնել նրան, որ յուրաքանչյուր տարի Հայաստան այցելեն 3 միլիոն զբոսաշրջիկներ:

Վարչապետը նաեւ տեղեկացրեց, թե կառավարության կողմից հաստատվել են 17 ներդրումային ծրագրեր, որոնց շրջանակներում կատարվելու են մոտ 80 միլիարդ դրամի ներդրումներ, որոնք, իրենց հերթին, կստեղծեն երկու հազար նոր աշխատատեղեր:

Տիգրան Սարգսյանը նշեց, թե այսօր Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 43 տոկոսը եւ ընդգծեց, որ այդ առումով կառավարությունը կկարողանա չանցնել 50 տոկոսի շեմը:

Վարչապետը խոսեց նաեւ գնաճի մասին` նշելով, թե ակնկալվում է, որ հուլիս-օգոստոս ամիսներին կնկատվի գնանկում. - ««Հիմա կայունացման միջավայրում ենք մենք գտնվում, իսկ արտաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունները ուղղված են գնաճի զսպմանը, եւ այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ մենք արդեն հասել ենք այդ գործում բավականին մեծ հաջողությունների: Տարվա սկզբից այս պահի դրությամբ գնաճը կազմում է 3.5 տոկոս, մենք մտել ենք դեֆլյացիոն փուլ: Այսինքն` հուլիսին նույնպես լինելու է գնանկում, ինչպես նաեւ օգոստոսին լինելու է գնանկում»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG