Մատչելիության հղումներ

Եթե մոտ տասը տարի առաջ բջջային հեռախոս ունեին հատուկենտ մարդիկ, ապա այսօր դրանցից օգտվում է գրեթե յուրաքանչյուր դպրոցական:

Միջին եւ ավագ դպրոցների հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Մանուկյանի խոսքերով, առաջին դասարանից սկսած` աշակերտների մոտ կա բջջային հեռախոս: «[Դասին] խաղում են, մտնում են հանրահայտ odnoklassniki, facebook, google, չէ՞ որ այնտեղ գայթակղիչ բաներ շատ կան, բայց ախր, լրիվ այլասերվում են», - սրտնեղում է ուսուցչուհին:

Պատկերն այդքան էլ չի տարբերվում տարրական դասարաններում: Տարրական դասարանների դասվար Նինա Մնացականյանն ասում է. - «Ես արգելում եմ կտրականապես բջջային բերել, որովհետեւ դասապրոցեսին իրենք զբաղվում են խաղերով»:

Ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումները, այդ թվում եւ բջջայինները կոչված են հեշտացնելու մարդկանց առօրյան, բայց հաճախ դրանք ծառայում են ոչ թե իրենց բուն նպատակին, այլ վերածվում են շքեղության առարկայի եւ դառնում մրցակցության պատճառ:

«Էդ կուլտուրան չկա, որ իմանան, որ ոնց որ գրիչն է, տետրն է, հեռախոսն էլ այդպես մարդուն պետքական ինչ-որ բան է», - ասում է Գոհար Մանուկյանը:

Հոգեբան Կարինե Նալչաջյանն իր բացատրությունն ունի. - «Եթե սոցիալական բեւեռացումն այս աստիճան ուժեղ չլինի, եթե սովորական բան դառնա հեռախոսը, այդպես այն մրցակցային էլեմենտ լինել չի կարող», - ասում է նա:

Բայց աշակերտները դասի ընթացքում ոչ միայն խաղում են բջջայիններով:

«Երեխա եմ ունեցել 4-րդ դասարանում, որ ուսուցչի զայրացած վիճակը ձայնագրել է, որպեսզի ծնողները [ցույց տան] տնօրինությանն ու ասեն, թե` տեսեք ինչպես է վիրավորում: Բայց այնքան անմակարդակ ընտանիքներ կան, որ պահերն օգտագործում են ուսուցչին վարկաբեկելու, բարձր գնահատական ստանալու համար», - ասում է Նինա Մնացականյանը:

XS
SM
MD
LG