Մատչելիության հղումներ

«Վիտամին» հումորային ակումբի անդամ Գարիկ Պապոյանը «Մաքսլիբերթի»-ի հետ ռաբիս երաժշտության վերաբերյալ զրույցում կարծիք հայտնեց, որ այն անորակ է, պարզունակ եւ «հնչում է թշնամու բառերով»: Նրա խոսքով, ինքը իրեն վիրավորված է զգում, երբ հայ բեմից հնչում է հայերեն բառերով ոչ հայկական երաժշտություն:

«Համերգ էի վարում, որտեղ տասը երգչից ութը ռաբիս էր երգում: Համերգից հետո բառիս բուն իմաստով դեպրեսիայի մեջ էի», - ասաց Գարիկը:

«Վիտամին» ակումբի համարներից մեկի համար երգ որոնելիս Գարիկի ականջին այլ կերպ հնչեց «Իմ հիվանդ մայրը» ռաբիս երգը, վերցրեց կիթառն ու սկսեց հին բառերի վրա նոր երաժշտություն հորինել: Ակումբի մեկ այլ անդամ` Արամ MP3-ը (Արամ Սարգսյան) երգեց, ներկաները հավանեցին ու որոշվեց հումորի բեմից լուրջ հայտ ներկայացնել ռաբիս երաժշտությանը: Գարիկը նվագում ու գործիքավորում է, իսկ Արամը կատարում: Տղաները որոշեցին` եթե 100 հանդիսատեսից գոնե երեքը դրական արձագանքեն, ուրեմն ջանքերն արդարացված են:

Ռադիոկայաններով, ավտոմեքենաներից ու հեռախոսներից հնչող այս երգերն ապացուցում են, որ երգերը գտան իրենց ունկնդիրներին, նույնիսկ ռաբիսի սիրահարների շրջանում:

«Չի կարա մի ազգում հնչի ազգագրական երաժշտություն, որը ոգեւորում ա քեզ թշնամու դեմ ու նույն ազգում հնչի թշնամու երգը հայերեն բառերով, դա ամոթ ա: Ռաբիսը ադրբեջանական, թուրքական երաժշտություն ա, իսկ այսօր այդ երաժշտությունը մեզ մոտ արտադրում են: Թող ռաբիսը լինի աշխարհի ամենալավ երաժշտությունը, բայց որ ինքը մեր թշնամու երաժշտությունն ա, մենք իրավունք չունենք Հայաստանում հնչեցնելու»,- կարծում է Գարիկը:

Գարիկը նշում է, որ 6/8-ը չափը ռաբիս չէ, դա աշխարհի ամենահայտնի ռոք խմբերի սիրած ձեւաչափն է. ինքն այս չափով երգեր է գրել Աստղիկ Սաֆարյանի ու Արսեն Գրիգորյանի համար` ապացուցելու համար, որ ոչ թե չափն է երգը ռաբիս դարձնում, այլ` երգիչն իր կատարումով: Իր այս քայլով նա փորձում է ապացուցել երգիչներին, որ նույն ռաբիս երգերը կարող են հնչել այս կերպ:

Գարիկը երգի ասպարեզում իր համար ստեղծել է սկզբունքներ եւ վստահ է` դրանք երբեք չի փոխելու:

«Ունենում եմ շատ պատվերներ, շատ երգիչներ մեծ գումար են առաջարկում իրենց համար մեկ ռոքային երգ գրելու համար, ասում են` որոշել ենք մի հատ էլ ռոք երգել, ես ասում եմ` որոշել եք, գնացեք երգեք: Եթե այդ երգչի ձայնասկավառակի մեջ չկա մի երգ, որ ինձ դուր գա, մի հատ էլ ես իրա համար ռոք գրե՞մ, չեմ գրի: Ես ունեմ իմ սկզբունքները, ինձ համար կարեւորը կոմերցիան չի, կարեւորը որակն ա», - ասում է Գարիկը:

Նա արդեն գործիքավորել է «Ուր որ գնաս», «Իմ ախպերը» եւ «Իմ հիվանդ մայրը» երգերը, հաջորդ երգը` «Պատրոնդաշս կապել եմ»-ը դեռ եթերում չի եղել, սակայն «Մաքսլիբերթի»-ի ունկնդիրների համար Գարիկը ներկայացրեց բացառիկ տարբերակով:

Նա նշում է, որ ռաբիս երգերի ու երգիչների դեմ ոչինչ չունի, ուղղակի ցանկանում է, որ ունկնդիրն ունենա ընտրության հնարավորություն:
XS
SM
MD
LG