Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայի նախկին զինծառայողները նամակով դիմել են Դմիտրի Մեդվեդեւին


Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում իրենց ծառայությունն ավարտած, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող151 նախկին զինծառայողներ դիմում-բողոք են հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Գյումրիում բնակվող նախկին զինծառայողները խնդրում են լուծում տալ այն հարցին, թե ինչու իրենց չի տրամադրվում հասանելիք բնակարանային սերտիֆիկատը:

Այսօր հրավիրած ասուլիսում նախկին զինծառայողները նշեցին, որ պահանջում են իրենց պաշտոնապես պատասխանել, թե որ օրենքի հիման վրա են իրենց մերժում, որպեսզի հիմք ունենան դիմելու դատարան. - «Անգամ այդ թուղթը մեզ չեն տալիս»:

Նրանց խոսքով, իրենք հաշվառված են եղել սերտիֆիկատ ստանալու ընդհանուր հերթացուցակում:

«2002-2010-ի ծրագրի ավարտին իրենք պետք է մեզ բոլորիս ապահովեին բնակարանային սերտիֆիկատով` անկախ ընտանիքի անդամների քաղաքացիություն ունենալ-չունենալուց», - հայտարարեց զինծառայողներից մեկը` անդրադառնալով նախկինում գործող կարգի (երբ սերտիֆիկատի գումարը տրվում էր ընտանիքի բոլոր անդամների թվով) փոփոխությանը, ըստ որի սերտիֆիկատի գումարն այժմ տրվում է միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին:

«Այս պահին մնացել ենք 151 հոգի», - ասաց նախկին զինծառայողներից մեկը` նշելով որ ծրագրի շրջանակներում սերտիֆիկատներ ստացել են շուրջ 4000 մարդ:

Բնակարանային սերտիֆիկատները, ըստ ասուլիսի բանախոսների, պարտավոր է տալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Բնակարանային դեպարտամենտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG