Մատչելիության հղումներ

Հոլանդացի կինոգետը բարձր է գնահատում «Ոսկե ծիրանը»-ը


Հոլանդացի կինոգետ Պիտեր Վան Բուերեն

Հոլանդացի կինոգետ Պիտեր Վան Բուերեն

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ամեն տարի մեծ թվով անվանի կինոգործիչներ, կինոգետներ եւ կինոլրագրողներ են գալիս Երեւան:

Երեւանում գտնվող հոլանդացի անվանի կինոգետ Պիտեր Վան Բուերենը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր մակարդակ ունի:

«Կազմակերպիչները շատ հետաքրքիր ծրագիր են ներկայացնում յուրաքանչյուր տարի, այսպիսով, հրապուրելով աշխարհի տարբեր երկրների կինոգործիչների` ներկայացնելու իրենց աշխատանքները այս միջազգային մրցույթ-փառատոնին», - ասում էր Վան Բուերենը եւ շեշտում, որ զարմանալի չէ տարեցտարի փառատոնին մասնակից ֆիլմերի թվի ավելացնումը:

«Եթե համեմատենք «Ոսկե ծիրան»-ին ներկայացվող ֆիլմերը, օրինակ, Արեւելյան Եվրոպայում անցկացվող կամ այլ միջազգային կինոփառատոների հետ, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այս կինոփառատոնը շատ, շատ ավելի լավն է: Այստեղ ոչ մի վատ ֆիլմ չկա, առնվազն 4 լավագույն ֆիլմեր են ցուցադրվում, իսկ մնացածը լավ ֆիլմեր են», - ասում է հոլանդացի կինոգետը:

Շատ մասնագետներ կարծում են, որ եթե որեւէ ֆիլմ արդեն ցուցադրվել է եւ մրցանակի է արժանացել որեւէ միջազգային կինոփառատոնում, ապա այլեւս կարիք չկա նույնը անել մեկ այլ կինոփառատոնում: Պիտեր Վան Բուերենը համաձայն չէ այդ տեսակետին:

«Եթե դա լավ ֆիլմ է, ապա չպետք է «պատժվի» եւ չցուցադրվի այլ կինոփառատոններում, ճիշտ հակառակը` որքան լավ ֆիլմեր բերենք, այնքան լավ եւ մեծ գործ արած կլինենք», - ասում է նա:

Հոլանդացի կինոգետի խոսքով` չկա աշխարհում մեկ այլ կինոփառատոն, որն այսքան փոքր բյուջեով «այսքան աշխատանք անի եւ այսքան հրաշալի ֆիլմեր ներկայացնի իր երկրի հանդիսատեսին»:

Մայրաքաղաքի մշակութային կյանքում մեծ աշխուժություն մտցրած «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ամեն օր «The Club» ակումբում կեսգիշերից հետո կարելի է շփվել արտասահմանից ժամանած կինոգործիչների հետ: Երիտասարդ կինոգործիչների համար ամեն օր վարպետության դասեր են անցկացվում: Ֆիլմերի ցուցադրությունից բացի Շառլ Ազնավուրի հրապարակում էլ բացօթյա համերգներ են անցկացվում: Իսկ լրագրողների համար յուրաքանչյուր օր ասուլիսներ են կազմակերպվում փառատոնի մասնակից կինոգործիչների հետ:

Այսօր ասուլիսի էր հրավիրված ռեժիսոր Ռոման Բալայանը: Նա իրեն համարում է հայկական ծագումով խորհրդաուկրաինական կինոռեժիսոր: Երեկ Գյումրիի «Հոկտեմբեր»կինոթատրոնում ցուցադրվել է նրա «Գիշերը լուսավոր» ֆիլմը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բալայանը խոսեց հայկական ժամանակակից ֆիլմերի մասին: Նա ասաց, թե լավ ծանոթ չէ դրանց, բայց, իր կարծիքով, երիտասարդ կինոռեժիսոր Արամ Շահբազյանը վստահաբար լուրջ առաջխաղացում կունենա կինոյի բնագավառում: Նրա խոսքով` հայկական կինոյին պակասում է կոմեդիան, ուրախությունը, թեթեւությունը. - «Թեեւ խորհրդային տարիներին հայկական շատ լավ ֆիլմեր էին ստեղծվում, բայց հերոսների տխուր դեմքերով եւ տխուր աչքերով», - ասաց Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG