Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը բարձրացնելու է միայն արտահերթ ընտրությունների անցկացման հարցը


Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը (ձ) եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: 13-ը հուլիսի, 2011

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը (ձ) եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: 13-ը հուլիսի, 2011

Իշխանությունների հետ երկխոսելու համար Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ձեւավորած պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե իշխանություն - ՀԱԿ երկխոսության ընթացքում իրենք բարձրացնելու են մեկ հարց` արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Այս երկրում իշխանությունները ապօրինի են, ընտրվել են կեղծությամբ` բարբարոսական կեղծությամբ, եւ դրա համար էլ ոչինչ չի ստացվում: Չի ստացվում իշխանություն - ժողովուրդ կապը, չի ստացվում իշխանության աշխատանքը», - երկխոսության համար իշխանական կոալիցիայի ձեւավորած աշխատանքային խմբի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանի («Բարգավաճ Հայաստան») հետ բանավեճում հայտարարեց Խաչատրյանը:

Բանավեճի երկու մասնակիցներն էլ ընդունեցին, որ պատվիրակները որոշում կայացնողներ չեն. հարցերը կբարձրացվեն ու կփոխանցվեն ղեկավարներին, որոնք էլ կընդունեն համապատասխան որոշումները:

«Բայց մեր կապը մեր ղեկավարության հետ պետք է լինի այնքան օպերատիվ, այնքան գործնական, որ տեղում հարցերը լուծվեն», - հայտարարեց Խաչատրյանը:

Իսկ Բոստանջյանը չգիտի, թե ինչպես կվարվի իշխանությունը, երբ ընդդիմությունը բարձրացնի արտահերթ ընտրությունների հարցը:

«Մենք այդ մասին տեղյակ ենք պահում: Եթե մեզանից ավելի կոմպետենտ մարդիկ կտեսնեն, կպատկերացնեն, որ մենք, մեր հիմնավորումները… այդպես են, իրենք կվարվեն համապատասպան ձեւով», - ասաց նա:

Իշխանությունը դեռեւս չունի ընդդիմության հետ երկխոսելու օրակարգ: Բայց անձամբ Վարդան Բոստանջյանը կցանկանար ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել, օրինակ, արտագաղթի ցուցանիշները, վարկային միջոցների արդյունավետ օգտագործման խնդիրները:

Կողմերից ոչ մեկը չկարողացավ տեղեկություն փոխանցել պատվիրակությունների առաջին հանդիպման մասին: Կրկին հղում արվեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանին, ով ասել էր, թե հանդիպումը չի ուշանա:

«Ընդհանուր հայտարարություն եղել է` տասը օրվա ընթացում», - ասաց Ֆելիքս Խաչատրյանը` հավելելով. - «Մենք դեռեւս չենք հանդիպել: Առաջարկություն կլինի` կհանդիպենք: Ես մի խնդրանք ունեմ, որ այդ փոխանցելը, ստանալը մի քիչ արագ լինի»:

«Ես կարծում եմ, դա չի կարող արագ չլինել», - արձագանքեց Բոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG