Մատչելիության հղումներ

Հուլիսի 13-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթի խմբագիրը նկատում է, որ Հայաստանում ընտրական չարաշահումների հանդեպ հասարակության հակազդեցությունը համարժեք չէ. - «Արտահերթ թե հերթական` ամենագլխավորն այն է, թե հաջորդ ընտրությունները Հայաստանում ի՞նչ որակով են լինելու: Այստեղ կա ընկալման խնդիր: Հայաստանում ընտրության որակի ցուցիչների թվում ոչ թե բացառապես օրենքի պահանջն է, այլ նաեւ հանրային ընկալումը: Այսինքն` ընտրական գործընթացը ոչ թե դիտարկվում է այն ելակետով` ինչքանով է գործընթացի ամեն դրվագը համապատասխանում օրենքի պահանջին, այլ նաեւ նրանով, թե ինչքանով է հասարակությունը բողոքում այս կամ այն դրվագի դեմ: Եվ պետք է ընդունենք, որ հասարակությունն այդ հարցում այնքան էլ անզիջում չէ ցանկացած կեղծիքի հանդեպ, եւ կան տեսակներ, որոնք հանրային ընդունելություն գտնում են եւ մատնվում անուշադրության: Օրինակ` ընտրակաշառքը կամ թեկնածուներին արտահայտվելու հավասար հնարավորություններ չտալը: Այդ կարգի այլ դրսեւորումներ հասարակության մոտ սուր արձագանք չեն գտնում, մինչդեռ ունակ են բավական զգալի ծավալով ազդել ընդհանուր իրավիճակի եւ ընտրական պրոցեսի մթնոլորտի ու արդյունքի վրա»: Թերթն ամփոփում է. - «Հանրության մեջ պետք է հստակ անզիջումային ընկալում ձեւավորել ամենաանշան ընտրախախտման հանդեպ անգամ: Միայն այդ տոտալ անհանդուրժողականության պայմաններում հնարավոր կլինի արդյունավետ հակադրվել քողարկված կեղծարարության մեխանիզմի առաջընթացին»:

Անհանդուրժելի երեւույթների հանդեպ հասարակության պասսիվ վերաբերմունքին է անդրադառնում նաեւ «Հրապարակ»-ի խմբագրականը. - « Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, երբ հասարակությունդ հակված չէ նման պայքարի: Ավելին՝ միանգամայն արդարացնում է կոռուպցիան, անգամ խրախուսում եւ նախանձում պաշտոնն ու դիրքը չարաշահողներին: Երբեմն թվում է, թե մարդկանց դժգոհությունը կոռուպցիայից ընդամենը դժգոհություն է այն բանից, որ իրենց չի տրված նման հնարավորությունը, այլ մեկ ուրիշին: Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի ու կաշառակերության դեմ, եթե մամուլի ցանկացած հրապարակում կարող է տվյալ լրատվամիջոցի փակվելու, սնանկանալու, դատական պրոցեսների մեջ խորապես թաղվելու պատճառ դառնալ: Եվ մեր ամեն ինչի հարմարվող հասարակությունը կարող է հանգիստ նայել, թե ինչպես են հաշվեհարդար տեսնում լրագրողի ու ԶԼՄ-ի հետ: Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, եթե ոչ մեկը, անգամ ամենաբարձր պաշտոն զբաղեցնողը, պաշտպանված չէ եւ ամեն օր կարող է հայտնվել գործազուրկի կարգավիճակում, ու այդ գիտակցությունը նրան մղում է ոչ թե ինքնադրսեւորման ու լավ աշխատելու, այլ կարճատեւ պաշտոնավարումը հօգուտ սեփական անձի, հօգուտ ժառանգների օգտագործելու: Որ վաղը այդ նույն ժառանգն արհամարհանքով չասի՝ չկարողացար օգտվել քո կյանքի եզակի հնարավորությունից»:

Արձագանքելով Հայաստանից բնակչության արտագաղթի մասին բարձրաձայնվող մտահոգություններին` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Թվում է` մեր իշխանությունը մի տեսակ կրավորական է արձագանքում արտագաղթի մասին ահազանգերին: Որքան էլ որեւէ պաշտոնական հայտարարության նկատմամբ թերահավատ լինենք, մեզ որոշ չափով կհանգստացներ, եթե կառավարությունը ասեր` «սուտ է, որ այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան 47 հազար մարդ»: Կամ` «չափազանցություն է, որ մեր բնակչության 40 տոկոսից ավելին իր ապագան չի տեսնում Հայաստանում»: Քանի որ նման հերքումներ չեն հնչում, պետք է ենթադրել, որ այդ տագնապալի թվերը ճիշտ են: Բայց եթե ճիշտն են, իշխանությունը պարտավոր է ասել` ինչ է նա ձեռնարկում այդ գործընթացները կասեցնելու ուղղությամբ: Ընդհանուր խոհափիլիսոփայական դատողությունները կամ 1.1 տոկոս տնտեսական աճը համոզիչ չեն թվում»:

«Ազգ» թերթի մեկնաբանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ձեւավորման ընթացքի կապակցությամբ գրում է. - « Հայաստանում բան փոխելու ժամանակները դեռ հեռու են, այլապես ամենաբարձր մակարդակով պիտի ընկալվեր, որ ընտրական նիհիլիզմի չեզոքացումը սկսելու ձեւը բոլորովին նոր եւ վստահություն վայելող մարդկանցով ԿԸՀ-ի ձեւավորումն է: Մի Գարեգին Ազարյան կա ու վե՞րջ: Մի՞թե Հայաստանի նախագահը չի ուզում հասարակության վստահությունը եւ հարգանքը վայելող մարդկանց տեսնել ԿԸՀ-ում, ընդ որում` նոր նախագահով, որ ի սկզբանե կեղծողների մասին խոսակցության գլուխը կոտրած լիներ եւ չարմատավորեր այն կարծիքը, թե իշխանությունն առաջվա պես չի ուզում արդար եւ թափանցիկ, առանց կասկածների տեղիք տվող ընտրություն կազմակերպել… Վստահություն վայելող ԿԸՀ ունենալու խնդիրը գերհասունացած է, անգամ ավելի, քան որեւէ ուրիշ կառույց, անգամ դա Հայաստանի նախագահի հեղինակության խնդիր է, որը կարծես ցանկություն հայտնել է գոնե` տարբեր հարցերում, այդ թվում` վստահություն վայելող ընտրությունների կազմակերպման հարցում, նոր մշակույթ ձեւավորել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG