Մատչելիության հղումներ

logo-print

Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության ոլորտի աճը «բացառիկ» է համարում


Պարսիկ զբոսաշրջիկները Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվային լուսանկար

Պարսիկ զբոսաշրջիկները Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվային լուսանկար

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահ է, որ տարեկան 20-25 տոկոս զբոսաշրջության աճը լավ ցուցանիշ է Հայաստանի համար։

«Սա նշանակում է, որ մեր զբոսաշրջային արդյունքը պահանջարկ է վայելում միջազգային շուկայում», - երեքշաբթի օրը կայացած ասուլիսում ասաց Ապրեսյանը:

Հայաստանը զբոսաշրջությունն ընտրել է որպես տնտեսության գերակա ճյուղ: Այդուհանդերձ, այս տարվա մարտի 7-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն: Մրցունակություն-2011» զեկույցում ներկայացված 139 երկրների շարքում Հայաստանը 90-րդ տեղում էր։

Ապրեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ունի Հայաստանն առաջարկելու տարածաշրջանում, երբ հարեւան Վրաստանի զբոսաշրջությունը թռիչքային առաջընթաց է արձանագրում, պատասխանեց, որ 25 տոկոսը բացառիկ ցուցանիշ է: Ապրեսյանը վստահեցրեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջնային դիրք է զբաղեցնում, թեեւ ինքը Վրաստանի զբոսաշրջության աճի թվերին ծանոթ չէ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` հունվար-մայիս ամիսներին Վրաստան այցելել է 880 հազար զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշը երկու անգամ ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, այսինքն Վրաստանը 100 տոկոսանոց աճ է արձանագրել եւ դեռ այս տարի էլ սպասում է 3 միլիոն տուրիստի: Մինչդեռ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով `այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել մոտ 113 հազար զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանածների թիվը մոտ 93 հազար էր: Այսինքն Հայաստան այցելածների թիվը միայն 22.1 տոկոսով է ավելի նախորդ տարվա ցուցանիշից:

Ասուլիսին ներկա ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության փորձագետներ Լուկա Մանոկին եւ Էլեն Բերմանը նշեցին իրենց կարծիքով Հայաստանի այն երկու թերությունները, որոնք խոչնդոտում են տուրիզմի զարգացմանը:

«Իմ կարծիքով, Հայաստանի համար խնդիրը երեւի անմատչելիությունն է», - ասաց Մանոկին:

«Միգուցե պետք է զբաղվել Երեւանից դուրս ճանապարհային նշանների, ցուցանակների ավելացման խնդրով, որպեսզի զբոսաշրջիկները չմոլորվեն գյուղերում», - առաջարկեց Բերմանը:

Հայաստանի առավելությունը եւ գրավչության հիմնական երաշխիքը Զբոսաշրջության վարչության պետը առայժմ համարում է ջերմ մարդկային ընդունելությունը:

«Ամենանշանակալի եւ կարեւոր գրավչությունը իր լեգենդար հյուրընկալությամբ եւ հյուրասիրությամբ հայտնի մեր ժողովուրդն է», - ասաց Ապրեսյանը:

Մինչդեռ ՄԱԿ-ի փորձագետի խոսքով` Հայաստանը ընկալվում է որպես կոնֆլիկտային երկիր, ինչն էլ զգալի կերպով խանգարում է երկրի դրական իմիջի ձեւավորմանը օտարերկրացիների շրջանում:

«Երբ մարդիկ Հայաստան են գալիս արտերկրից, ճշմարիտ պատկեր չեն ունենում տարածաշրջանի եւ Հայաստանի մասին: Կարծում եմ` այս տարածաշրջանը ավելի շատ բան ունի առաջարկելու, քան կարող եք պատկերացնել», - ասում է Բերմանը:

Պաշտոնական տվյալներով` 2010 թվականին Վրաստան այցելել է 2 միլիոն 320 հազար, Ադրբեջան` 1.5 միլիոն, իսկ Հայաստան` 684 հազար զբոսաշրջիկ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG