Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանի փոխանցմամբ, ալյուրի գինը Հայաստանում վերջին երկու ամսվա ընթացքում նվազել է 5-6 տոկոս:

«Մոնիտորինգի արդյունքներով, մայիսի 30-ին 50 կիլոգրամանոց պարկը արժեցել է 12 հազար դրամ, իսկ երեկվա [հուլիսի 11-ի] վիճակով կազմում է 11 հազար 230 դրամ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Ղալթախչյանը:

Դիտարկմանը, թե միջազգային բորսաներում ցորենի գների անկումը էապես չի անդրադարձել հայաստանյան շուկայում ալյուրի եւ հացի գների վրա նա արձագանքեց. - «Աուկցիոնները, որ անցկացվում են, հիմնականում սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների վաճառքի համար նախատեսվածներն են: Այդ գները ուստի այսօրվա գների հետ այնքան էլ համեմատելի չեն», - պարզաբանեց Ղալթախչյանը` վստահեցնելով, որ հանձնաժողովը հետեւում է գների տատանման ընթացքին:

«Շուկայում մեզ մոտ ցորենի ազատ վաճառքը Հայաստանում այդքան էլ լայն չի: Հիմնական ցորեն ներկրողները հենց իրենք ալրաղացներ ունեն եւ ալյուրն են վաճառում», - հավելեց նա:

Իսկ հարցին, թե արդյոք հայաստանյան շուկայում գների տատանումները համահունչ են միջազգային գների տատանմանը, Ղալթախչյանը պատասխանեց. - «Ես համաձայն եմ, որ միշտ չէ, որ ադեկվատ է լինում: Բարձրացնելիս, իհարկե, գները բարձրացնում են միանգամից: Բայց ինչ-որ ժամկետ անհրաժեշտ է… Այս ցածր գներով, ես գիտեմ, որ լուրջ քանակներ չեն ձեռք բերվել: Երբ որ ձեռք բերվի, գինը կամաց-կամաց կսկսի նվազել»:

Թեև հանձնաժողովը փաստում է, որ հայաստանյան շուկայում 5-6 տոկոսով իջել են ալյուրի գները, այդուհանդերձ, նկատենք, որ վաճառվող հացի գինը չի նվազել:

Այդ առնչությամբ Ղալթաղչյանը ասաց. - «Այնտեղ մենք մենաշնորհներ կամ օլիգոպոլ շուկա չունենք, հազարավոր հաց արտադրողներ են: Մտածել, որ նրանք ինչ-որ պայմանավորվածություն ունեն… Ես չեմ կարծում: Այնտեղ լրիվ ազատ շուկա է»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Պողոսյանը հիշեցրեց, որ մոտ 2 տարի առաջ հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր գնաճի խնդիրներն ու համապատասխան առաջարկություններ ներկայացներ:

«Ցավոք սրտի, արդյունքները չեն հրապարակվել, եւ ես կարծում եմ, որ արդյունքներ չկան», - ասաց Պողոսյանը` շարունակելով. - «Իսկ ավելի գործնական եւ կիրառական` ես պատկերացնում եմ, որ մենք պետք է ձեռնարկենք ներքին շուկայի ուսումնասիրություններ, որպեսզի պարզենք, թե որքան է արժանահավատ գինը եւ նրա պարունակությունը»:

Դեռ հունիսի 1-ին, երբ Ռուսաստանը հանեց ցորենի արտահանման արգելքը, նաեւ ցորենի ներկրմամբ զբաղվող «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ փոփոխություններ կլինեն հայաստանյան շուկայում, պատասխանել էր. - «Արդեն փոփոխություն կա: Մի ամսից ավելի կէժանանա, ժողովուրդը կզգա»:

Դարձյալ նկատենք, որ թեեւ ալյուրի գինը, ինչպես պատկան մարմիններն են ասում, ոչ էականորեն նվազել է, այդուհանդերձ հացի գնի իջեցում չի նկատվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG