Մատչելիության հղումներ

Ծանր հիվանդ դատապարտյալներին պատժից ազատելու հարցի լուծումը ձգձգվում է


Հասարակական դիտորդների խմբի փոխնախագահ Լաուրա Գասպարյան

Հասարակական դիտորդների խմբի փոխնախագահ Լաուրա Գասպարյան

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության իրականացնող դիտորդական խումբը հայտարարություն է տարածել` պահանջելով Արդարադատության նախարարից հրատապ լուծել առողջական լուրջ խնդիրներ ունեցող հինգ դատապարտյալներին պատժից ազատելու խնդիրը:

Նրանց պատժի հետագա կրումը դիտորդական խումբը գնահատում է որպես անմարդկային վերաբերմունք: Խմբի փոխնախագահ Լաուրա Գասպարյանի փոխանցմամբ` հինգ դատապարտյալներից երեքը կանայք են` մեկը բրոնխիալ ասթմայով է տառապում, մյուս երկուսը 4-րդ աստիճանի բարդության չարորակ ուռուցքներ ունեն, իսկ երկու տղամարդկանց մոտ ինսուլտային վիճակ է:

«Իրոք ծանր վիճակ է, ծայրահեղ ծանր վիճակ, եւ նրանց հարցը երկար ժամանակ չլսելը, կարծում եմ, անմարդկային վերաբերմունք է: Գոնե լինի դատարանի որոշում, թող մերժեն, բայց գործի ընթացք լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Բժշկական առողջապահական հանձնաժողովը հաստատել է այդ դատապարտյալների հիվանդությունները, սակայն, գործը առայժմ չի լսել միջգերատեսչական հանձնաժողովը: Գասպարյանի խոսքով` հանձնաժողովի չկանոնակարգված աշխատանքը խիստ մտահոգիչ է` հստակ չէ, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում պետք է լսվի գործը, ինչ հիմքով է որոշում կայացվում.

«Այդ միջգերատեսչական հանձնաժողովը չունի ոչ մի հիմնավորված, կանոնակարգված փաստաթուղթ: Մեկի գործը լսում է 3 օրում, մյուսինը 2 ամսում, մյուսի գործը 1-2 տարի է ձգվում, եւ փաստը մնում փաստ, որ մենք ունենք մահացության դեպքեր, իհարկե, դրանք միեւնույն է այն դեպքերն են, երբ մարդիկ կմահանային նույնիսկ ազատության մեջ լինելով, բայց նրանք ունենք խիստ խնամքի կարիք», - ասաց Գասպարյանը:

Շուրջ 4 տասնյակ հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դատապարտյալն ազատվում է պատժից, սահմանվում է կառավարության 2006 թվականի որոշմամբ: Լաուրա Գասպարյանը վստահ է, որ այս ցանկը պետք է վերանայվի, քանի որ շատ հիվանդություններ հիմա այլ կերպ են ախտորոշվում, մինչդեռ, ըստ այդ ցուցակի, մարդը, միայն մահվան եզրին հասնելով, կկարողանա ազատության մեջ հայտնվել:

«Եթե մարդը ծանր աստիճանի շաքարախտ ունի եւ ստանում է 60 միավորից ավելի ինսուլին, պետք է ունենա եւս մի քանի ուղեկցող այլ ծանր հիվանդություններ, որ համապատասխանի կառավարության որոշմանը: Կամ, օրինակ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները պետք է ունենան լրացուցիչ նորագոյացություններ, մետաստազներ, այսինքն նրանք միայն ծայրահեղ ծանր վիճակում կարող են ազատվել», - ասում է Գասպարյանը:

Դիտորդական խմբի գնահատականներով` եւս երկու տասնյակ դատապարտյալներ առողջական լուրջ խնդիրներ ունեն, սակայն նրանց ախտորոշումները դեռ ճշտման փուլում են: 5 դատապարտյալների մասով արտահերթ զեկույց խումբը նախարարին ուղարկել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն, չստանալով որևէ պատասխան, հրապարակեց տեքստը, քանի որ ինչպես նախատեսում է խմբի կանոնակարգը, եթե նախարարը եռօրյա ժամկետում չի արձագանքում արտահերթ զեկույցին, խումբը կարող է այն հրապարակել:

Լաուրա Գասպարյանի բնորոշմամբ` դատապարտյալների համար յուրաքանչյուր օրը կարող է ճակատագրական լինել:

«Ազատություն» ռադիոկայանին այսօր չհաջողվեց Արդարադատության նախարարությունից որեւէ մեկնաբանություն ստանալ այս հարցի առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG