Մատչելիության հղումներ

logo-print

Հակոբ Կուտսուզյան «Հայ լինելը զգացումի հարց է»


Հակոբ Կուտսուզյանը (ձ) եւ Սերժ Ավետիքյանը լրագրողների հետ հանդիպմանը: 12-ը հուլիսի, 2011թ.

Հակոբ Կուտսուզյանը (ձ) եւ Սերժ Ավետիքյանը լրագրողների հետ հանդիպմանը: 12-ը հուլիսի, 2011թ.

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին սփյուռքահայ անվանի կինոգործիչներից այս տարի մասնակցում են ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը եւ կանադահայ ռեժիսոր, պրոդյուսեր Հակոբ Կուտսուզյանը:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Ավետիքյանի «Շների պատմությունը» եւ Կուտսուզյանի «Հայ տարագիր» ֆիլմերը:

Լրագրողների հետ հանդիպմանը Կուտսուզյանը ասաց, որ իր ֆիլմերում փորձում է պարզել հայի կերպարը, իր պարզաբանմամբ` «սփյուռքից եկած հայեր, հայաստանցի հայեր, մինչեւ իսկ հայ, որ ծնվել է Չինաստանում»:

«Ի վերջո, մեկ պատասխան գտա: Միայն մեկ պատասխան կա ինձ համար` ով է հայը: Այն, որ կզգա իր հայ լինելը: Զգացումի հարց է ինձ համար, քան թե օրենքի հարց», - ասաց նա:

«Հակոբի տեսանկյունը եւ իր ձեւով հարց տալը սփյուռքահայության մտածելակերպի հետ կապված, շատ հետաքրքիր է եւ շատ խորն է», - գործընկերոջ մասին ասաց Սերժ Ավետիքյանը` շարունակելով. - «Դա միայն կինոյի մոտեցում չէ: Այնտեղ կա ուրիշ փնտրտուք. ուրիշ ձեւով դեպի վավերագրական շարժապատկեր բերել հարց տալու ձեւը»:

Սերժ Ավետիքյանը, հիշեցնենք, անցած տարի Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում «Շների կղզին» ֆիլմի համար արժանացավ «Ոսկե արմավենու»: Այդ ֆիլմը պատմում էր 1910 թվականին Ստամբուլում կառավարության որոշմամբ ոչնչացված 30 հազար թափառական շների մասին:

Նոր ֆիլմը` «Շների պատմությունը», ներկայացնում է արդեն 2010 թվականի Ստամբուլը` իբրեւ եվրոպական եւ մշակութային մայրաքաղաք: «Ես ցանկացա հարյուր տարի հետո վերադառնալ Ստամբուլ, եւ նույնը հարցը մշակել` հասկանալ, թե փողոցային շների տրադիցիան ինչ է նշանակում այսօր եվրոպական, ուրբանիզացված, 15 միլիոնանոց քաղաքում»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում այսօրվանից մեկնարկում է առաջին անգամ իրականացվող ԱՊՀ ֆիլմերի ծրագիրը:

«Մասնակցում են շատ հետաքրքիր ռեժիսորներ, որոնցից շատերը առաջին անգամ են գալիս Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: - «Մենք ունենք նույն պրոբլեմները, զարգացումները ինչ-որ տեղ զուգահեռ են գնում: Բայց մենք տեղեկություն չունենք իրար մասին… Ինչո՞ւ չվերականգնել համագործակցության այդ դաշտը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG