Մատչելիության հղումներ

Դեռահասների առողջապահությանը վերաբերող ծրագրեր կմշակվեն


Երեւանում այսօր մեկնարկել է դեռահասների առողջության հիմնախնդիրներին նվիրված համաժողովը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցանիշներով, մեծահասակների մահացության 60%-ի դեպքում խնդիրները, որոնք բերել են դրան, սկիզբ են առել դեռևս դպրոցահասակ տարիքում: Այս տարիքում դեռահասները կարող են առաջին անգամ ծխախոտ կամ ալկոհոլ փորձել, ռիսկային սեռական հարաբերություններ ունենալ կամ դառնալ սեռական բռնության զոհ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության
(ԱՀԿ) գործադիր խորհրդի անդամ Արա Բաբլոյանի իր ելույթում նշեց, որ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխարգելել դեռահասների առողջությանը հասցվող հնարավոր վնասները: Նա առաջարկեց 30 մլն դրամի առողջապահական ծրագիր սկսել, որը, ըստ նրա, հնարավորություն կտա հետագայում 30 մլրդ դրամի խնայողություններ իրականացնել:

«Պետք է ունենանք հատուկ հմտություններ ունեցող բուժքույրեր: Ապագայում պլանավորում ենք վերականգնել հատուկ ուսուցում ստացած բժիշկների առկայությունը դպրոցներում, ովքեր որ կկարողանան աշխատել երեխաների հետ», - ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Ի թիվս մի շարք երկրների, Հայաստանը եւս ստորագրել է երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որտեղ ասվում է, որ դեռահասներն իրավունք ունեն ստանալու առողջապահական տեղեկատվություն և ծառայություններ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին նշեց, որ դա հատկապես կարելի է վերագրել այն դեռահասներին, ում առողջությունն ավելի խոցելի է այն սոցիալական կամ մշակութային պայմանների պատճառով, որոնցում նրանք գտնվում են:

«Չնայած մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ Հայաստանը դեռահասների վարքի դրսեւորումների առումով ավելի լավ վիճակում է, քան տարածաշրջանի մյուս երկրները, ամեն դեպքում, ընդհանուր ուղղվածությունը բացասական է, եւ կարեւոր է պատրաստ լինել տարբեր տեսակի վտանգավոր միտումների, որոնք գոյություն ունեն մյուս պետություններում», - ասաց Լեյլի Մոշիրին:

«Դեռահասների համար սահմանվող նորմերը պետք է մշակվեն Առողջապահության եւ Կրթության եւ գիտության նախարարությունների համատեղ աշխատանքի արդյունքում», - ասաց Կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:

Համաժողովի վերջում մասնակիցները կհամաձայնվեն մի շարք գործողությունների շուրջ` ուղղված դեռահասների առողջությանն ու նրանց մատուցվող ծառայությունների բարելավմանը:

Էլեն Չիլինգարյան

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG