Մատչելիության հղումներ

Վրաց եկեղեցու Սինոդը հանրությանը խաղաղության կոչ է անում


Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդ, արխիվային լուսանկար
Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդ, արխիվային լուսանկար
Վրաց ուղղափառ եկեղեցու Սինոդը փակ քննարկման արդյունքում երկուշաբթի երեկոյան որոշել է համաձայնության գալ երկրի իշխանությունների հետ եւ զսպել ժողովրդի շրջանում հուզումներն ու բողոքի գործողությունները:

Երկրում գործող կրոնական կազմակերպություններին, այդ թվում նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելու մասին օրենսդրական փոփոխությունները Վրաստանում զանգվածային բողոքի ալիք էին բարձրացրել եւ Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի ու նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վարչակազմի միջեւ լուրջ հակասությունների պատճառ դարձել:

Հանգստյան օրերին Վրաց ուղղափառ եկեղեցու աջակցությամբ եւ օրհնությամբ բողոքի զանգվածային ցույցեր էին անցկացվում, մասնավորապես, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների վկայությամբ, նկատելի էին հակահայկական տրամադրություններ: Օրենսդրական փոփոխություններից վրդովված բազմությունը սպասում էր եկեղեցու Սինոդի որոշմանը:

Սակայն հոգեւոր ժողովը, որին մասնակցել են նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ իշխող կուսակցությունից, որոշեց ընդառաջել երկրի իշխանություններին:

Ինչպես փոխանցում են վրացական լրատվամիջոցները, ընդունված որոշման մեջ Սինոդը հավատացյալներին ու հանրությանը խաղաղության կոչ է անում` չնայած «հուզումների համար բավարար պատճառների առկայությանը», իշխանություններին էլ կոչ է անում հետագայում պատրիարքարանի հետ համաձայնեցնել կրոնի հետ կապված հարցերը:

Միաժամանակ, Սինոդը կառավարական մակարդակով բանակցություններ սկսելու անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի, նախ եւ առաջ, լուծվեն հարեւան երկրներում Վրաց ուղղափառ եկեղեցուն կարգավիճակ շնորհելու եւ ունեցվածքի պահպանության խնդիրները:

Վրաց ուղղափառ եկեղեցին Վրաստանի իշխանություններին նաեւ կոչ է անում ակտիվացնել ջանքերը՝ հարեւան երկրներում վրացական հուշարձանների պահպանության ուղղությամբ:

Ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Լաշա Սորդիան, համաձայնություն է ձեռք բերվել պետության եւ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ երեք հանձնաժողով ստեղծել, որոնցից մեկը զբաղվելու է հարեւան երկրներում վրացական եկեղեցու կարգավիճակի հարցով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արդեն իսկ հայտարարել է, որ Վրաց եկեղեցին, վրաց ուղղափառ համայնքը որեւէ խնդիր չունեն Հայաստանում գրանցվելու առնչությամբ:

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն ու Եվրամիության ներկայացուցչությունը ողջունել են երկրում գործող կրոնական կազմակերպություններին իրավական կարգավիճակ տալու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG