Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամության իր երեք թեկնածուներին:

Անդրեասյանը երկրի նախագահին առաջարկել է ԿԸՀ անդամ նշանակել Արտակ Մելիքսեթյանին, Արմեն Սմբատյանին եւ Տաթեւ Օհանյանին:

Ավելի վաղ` մրցութային կարգով ընտրված երեք թեկնածուներից երկուսը երեկ ինքնաբացարկ ներկայացրին, որից հետո օմբուդսմենը ստիպված եղավ երկու նոր թեկնածուներ ընտրել:

Օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ եւ երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում:

Այս պարզաբանումը ներկայացվում է այն պատճառով, որ մրցութային կարգով առաջադրված, այնուհետեւ օմբուդսմենի կողմից ընտրված ԿԸՀ անդամության երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը նախկինում աշխատել են Մարդու իրավունքների գործող պաշտպանի ղեկավարած «Դիֆենս» իրավաբանական գրասենյակում: Ինքնաբացարկ հայտարարած 23-ամյա Մուրադյանը եւ 25-ամյա Ստեփանյանը Անդրեասյանին ուղղված նամակում գրել էին, որ իրենք պատրաստ էին ԿԸՀ-ում աշխատել որպես չքաղաքականացված ու արհեստավարժ մասնագետներ, բայց որոշ լրատվամիջոցներ հեգնել են իրենց երիտասարդ տարիքն ու անփորձությունը, ուստի իրենք չեն ցանկանում «ենթարկվել այդ անարդար հարձակումներին»:

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանի` մրցութային կարգով առաջադրած թեկնածուն Էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության պետ Արտակ Մելիքսեթյանն է: Նա 34 տարեկան է:

Պաշտպանը թեկնածուների թափուր մնացած տեղերում արտամրցութային կարգով ներկայացված Արմեն Սմբատյանը 33 տարեկան է, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, աշխատում է Աշխատանքի պետական տեսչությունում` որպես Արհեստակցական միության նախագահ:

Երրորդ թեկնածուն` Տաթեւ Օհանյանը 25 տարեկան է: Նա ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակն է: Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե երեկ Մարդու իրավունքների պաշտպանն է իրեն դիմել նման առաջարկով, եւ ինքը չի մերժել:

«Այն փորձը, որ կուտակել եմ մամուլի քարտուղար լինելու տարիներին, ինձ հնարավորություն է ընձեռում համաձայնվել եւ ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը», - ասաց Օհանյանը, ում խոսքով` ինքը ավելի շատ փորձ ունի, քան ինքնաբացարկ հայտարարած թեկնածուները:

Այսպիսով, հայտնի են նոր ԿԸՀ-ի բոլոր յոթ թեկնածուները: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ԿԸՀ-ի անդամի պաշտոնում առաջադրել է փաստաբան Գեորգի Մարտիրոսյանի եւ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները:

Վճռաբեկ դատարանի նախագահն էլ նախագահի հաստատմանն է ներկայացրել Լաուրա Գալստյանի եւ ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանի թեկնածությունները: Ազարյանը միակն է, ով դեռեւս գործող ԿԸՀ-ի կազմից ընդգրկվեց նոր ԿԸՀ-ի թեկնածուների շարքում:

Նոր ԿԸՀ-ի կազմավորման շուրջ ստեղծված իրավիճակը գործող ԿԸՀ-ի անդամ Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. - «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերածվեց ուղղակի Բաղրամյան 26-ի «կանտորայի», այսինքն գրասենյակը դարձավ «կանտորա», որովհետեւ այն թեկնածուները, ովքեր ներկայացվեցին վերջին անգամ, ամենեւին կապ չունեն Մարդու իրավունքների ինստիտուտի հետ: Գոնե այդ ինստիտուտը պարտավոր էր անկախ լինելու, ինչը տեղի չունեցավ»:

Գարեգին Ազարյանի թեկնածության վերաբերյալ Թադեւոսյանը ասաց, թե իր կարծիքով, նա «այլընտրանք չունի»:

«Այսօր ԿԸՀ-ում Ազարյանի անմիջական գործունեությամբ ստեղծվել է մի այնպիսի աշխատակազմ, որը ընդունակ է ընտրական ողջ գործընթացը գերազանց կառավարելու», - ասաց Թադեւոսյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը ԿԸՀ-ի նոր կազմի շուրջ ձեւավորված իրավիճակը «նորմալ» է գնահատում եւ այս ամենի մեջ ժողովրդավարական տարրեր է տեսնում:

«Նորմալ եմ գնահատում այդ հրաժարականները: Իհարկե, դա հասարակության մեջ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, բայց միգուցե այդ անձնավորությունները, ավելի խորությամբ մտածելով կամ ծանոթանալով գործի լրջությանը եւ բնույթին, հասկացել են, որ չեն կարող եւ դրա համար են հրաժարական ներկայացրել», - ասաց Սահակյանը:

Գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14-ին: Մինչ այդ Հայաստանի նախագահը պետք է նշանակի նոր ԿԸՀ-ի կազմը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG