Մատչելիության հղումներ

«Համանախագահ երկրները լուրջ են ընդունում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները»


ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները Մեծ ութնյակի Դովիլի գագաթնաժողովում, 26-ը մայիսի, 2011թ.

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները Մեծ ութնյակի Դովիլի գագաթնաժողովում, 26-ը մայիսի, 2011թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները միգուցե ավելի լուրջ են ընդունում այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք գալիս են Բաքվից, եւ մտադիր են հասնել ինչ-որ պայմանագրի ստորագրմանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Կազանի գագաթնաժողովից հետո Ղարաբաղի հարցում գրանցվող աննախադեպ ակտիվությունը:

Պայմանագիրը, ըստ փորձագետի, կարող է լինել երկու ձեւի` «կա'մ Հիմնարար սկզբունքների հետ կապված ինչ-որ մի փաստաթուղթ, կա'մ այդպես կոչված չհարձակման ինչ-որ փաստաթուղթ, որով կողմերը իրենց վրա կվերցնեն պարտավորություններ` միայն խաղաղ ձեւով շարունակել բանակցային գործընթացը եւ կարգավորումը»:

Վերջին այդ ակտիվացման հետ մեկտեղ` Մինասյանը նշեց նաեւ որոշ հրապարակումներ Միացյալ Նահանգներում, այդ թվում The Washington Post-ի ռեպորտաժը Լեռնային Ղարաբաղից, որը, ըստ փորձագետի, «խոսում է նրա մասին, որ մեծ տերությունները իսկապես բավականին հիասթափված են, եւ ի տարբերություն շատ այլ նախորդ դրվագների` այս անգամ այդ դժգոհությունը կապված է ոչ թե հայկական կողմի հետ, այլ Ադրբեջանի հետ»:

«Պարզ է, որ Կազանի հանդիպման ձախողման գլխավոր պատճառը հենց Ադրբեջանի նախագահի այդ կեցվածքն էր», - ասաց Սերգեյ Մինասյանը:

Նրա կարծիքով` «ներկայումս Ռուսաստանը իր համանախագահ գործընկերների հետ մեկտեղ փորձում է շարունակել այդ գործընթացը եւ ստիպել, որ Ադրբեջանը կա'մ ընդունի այդ հիմնարար սկզբունքները, կա'մ գոնե ինչ-որ փաստաթուղթ ստորագրի»:

Հարցին` հնարավոր համարո՞ւմ է արդյոք դա առաջիկա ամիսներին, փորձագետը արձագանքեց. - «Փաստաթուղթ ստորագրել միգուցե հնարավոր կլինի, բայց փաստաթուղթ ստորագրելը կամ ինչ-որ մի պայմանավորվածություն ձեռք բերելը չի նշանակում, որ կոնֆլիկտը կկարգավորվի շատ արագ: Դա տարիների եւ տասնյակ տարիների գործընթաց է: Պարզապես յուրաքանչյուր փաստաթուղթ` ոնց էլ որ դա կոչվի, պիտի լինի ե'ւ իրավական, ե'ւ, առաջին հերթին, քաղաքական ինչ-որ երաշխիք, որ հետագա էսկալացիան չի շարունակվի: Եվ հենց դա են ուզում արտաքին ուժերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG