Մատչելիության հղումներ

logo-print

Վրաց ֆոտոլրագրողը իրենց հետապնդման պատճառ է համարում մայիսի 26-ի դեպքերի նկարահանումը


Թբիլիսիում մայիսի 26-ի իրադարձությունները պատկերող լուսանկարներից մեկը

Թբիլիսիում մայիսի 26-ի իրադարձությունները պատկերող լուսանկարներից մեկը

Վրաստանում լրտեսության մեղադրանքով անցած շաբաթ ձերբակալված ֆոտոլրագրողներից մեկը՝ երկրի արտգործնախարարության արտահաստիքային լուսանկարիչ Գիորգի Աբդալաձեն հայտարարել է, որ իրենց իրականում հետապնդում են ընդդիմության բողոքի ցույցը ցրելու՝ իրավապահների բռնի գործողությունները նկարահանելու համար:

Խոսքը այս տարվա մայիսի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցած բախումների մասին է, երբ հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներով, արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտների գործադրմամբ ցրեցին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, հաղորդվում էր երկու զոհվածների եւ տասնյակ վիրավորների մասին:

Աբդալաձեն, ով կալանավայրում հացադուլ է հայտարարել, լրատվամիջոցներով տարածած իր բաց նամակում հայտնում է, որ ինքն ու իր ձերբակալված գործընկերներն են այդ օրվա բռնությունները պատկերող այն սկանդալային լուսանկարների հեղինակները, որոնք հրապարակվել են միջազգային հեղինակավոր կայքերում ու պարբերականներում:

Գիորգի Աբդալաձեն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն, նրա կինը՝ ֆոտոլրագրողուհի Նատիա Գեդենիձեն, EPA ֆոտոգործակալության ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկիձեն ձերբակալվել են հուլիսի լույս 7-ի գիշերը: Ձերբակալվել էր նաեւ հեղինակավոր Associated Press լրատվական գործակալության ֆոտոթղթակից Շահ Այվազովը, ով, սակայն, գրեթե անմիջապես ազատ արձակվեց: Շաբաթ օրը դատարանը բավարարեց ձերբակալվածներից երեքին՝ Գիորգի Աբդալաձեին, Իրակլի Գեդենիձեին եւ Զուրաբ Կուրցիկիձեին կալանավորելու՝ դատախազության միջնորդությունը, Նատիա Գեդենիձեն շուրջ 6 հազար դոլարի գրավի դիմաց ազատ արձակվեց: Օտարերկրյա հատուկ ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու մեղադրանքը հաստատվելու դեպքում ֆոտոլրագրողներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում:

Աբդալաձեն նախօրեին տարածած իր նամակում տեղեկացնում է, որ դեռեւս մայիսի 28-29-ին իր հետ կապվել են անվտանգության ծառայությունից եւ պահանջել են հանձնել ցույցը ցրելու գործողությունները պատկերող լուսանկարները, սակայն այդ ժամանակ պահանջը լուրջ չի ընդունել եւ պատասխանել է, թե նկարները ջնջել է:

«Իմ հեղինակած լուսանկարներից երկուսը հայտնվել էին Associated Press-ի ինտերնետային էջում, այնտեղից էլ` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հեղինակավոր թերթերում», - նշում է Աբդալաձեն` հավելելով. - «Դեպքերի վերաբերյալ լավագույն լուսանկարները, այնուհանդերձ, պատկանում են Իրակլի Գեդենիձեին: Նա հատուկ նշանակության ջոկատայինների հետ էր եկել դեպքերի վայր, լուսանկարելու ամենալավ պայմանները նրա համար էին ստեղծված, քանի որ ոստիկանները գիտեին, որ նախագահի անձնական լուսանկարիչն է եւ չէին խանգարում: Հենց մեր մասնագիտական գործունեության պատճառով էլ բանտում ենք հայտնվել: Իսկ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին չհետապնդեցին, որովհետեւ դա միջազգային մեծ սկանդալ կառաջացներ»:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, մինչդեռ, շարունակում է հերքել այս պնդումները` հավաստիացնելով, թե ֆոտոլրագրողները լրտեսություն են արել Ռուսաստանի օգտին: Շաբաթ օրը ներքին գործերի նախարարությունը տարածել է Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեի ցուցմունքը, որտեղ նա հաստատել է, որ ինչ-որ գաղտնի տեղեկատվություն փոխանցել է EPA ֆոտոգործակալության թղթակից Զուրաբ Կուրցիկիձեին: Իսկ վերջինս էլ, Վրաստանի ոստիկանության հավաստմամբ, կապված է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ:

Պաշտոնական հավաստիացումները չեն բավարարում նաեւ Վրաստանի լրագրողական հանրությանը: Լրագրողները շարունակում են բողոքի ցույցերը՝ իշխանություններից պահանջելով հրապարակել իրենց գործընկերների մեղքը հաստատող կոնկրետ տեղեկություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG