Մատչելիության հղումներ

Հուլիսի 12-ի մամուլ


«Երկիր» օրաթերթը գնահատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի շուրջ ծավալվող զարգացումները. - «Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի որոշման գործընթացում, ամբողջությամբ արտացոլում է ողջ ընտրական համակարգի ճահճացած, բարոյալքված վիճակը: ՄԻՊ-ը մրցույթ է հայտարարում ու դրա արդյունքում հաղթող ճանաչում իր նախկին ենթականերին, ԿԸՀ այլեւս նախկին նախագահը մասնակցում է ՄԻՊ մրցույթին, հետո դիմում է Վճռաբեկ դատարանի նախագահին` առաջարկելով իրեն ներկայացնել նախագահի հաստատմանը: Եվ վերջնարդյունքում ընտրությունների համար պատասխանատու կենտրոնական մարմինը կրկին համալրվում է մեծ մասամբ նոմենկլատուրային մտածողությամբ «չինովնիկներով»: Եվ բացարձակապես հայտնի չէ` ինչ չափորոշիչներով են մարդիկ թեկնածուներ առաջադրում ու իրենց որ արժանիքի համար են ինքնաառաջադրվում: Հասկանալի չէ նաեւ, թե ընտրական համակարգի նկատմամբ հավատի վերականգնման խնդիր դրած պետությունն ինչպես է երաշխավորում այդ հավատը կործանելուն մեծապես նպաստած մարդկանց»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ն անդրադառնում է իշխանություն – ընդդիմության երկխոսության չմարող թեմային. - «Հիմա իշխանություններն, իհարկե, հայտարարում են, թե արտահերթ ընտրությունների թեմայով ընդհանրապես չեն բանակցելու, բայց դրան արդեն երեւի ոչ մեկը չի հավատում: Ինչո՞ւ: Որովհետեւ մի քանի ամիս առաջ էլ ասում էին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ու հետո նրանց ազատ արձակեցին, ասում էին, թե պատվիրակություն չեն կազմելու, ու հիմա կազմեցին, եւ որեւէ երաշխիք չկա, որ վաղն էլ արտահերթ ընտրությունների շուրջ չեն բանակցի»:

«Առավոտ» թերթի խնդրանքով անդրադառնալով այն մտահոգություններին, թե իշխանություն - ՀԱԿ երկխոսությունը կվերածվի Ազգային ժողովի տեղերի համար պայմանավորվածության, որից կտուժեն այդ շրջանակներից դուրս գտնվող ուժերը` ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանն ասել է. - «Չեմ կասկածում, որ այդպես էլ լինելու է: Չի պակասել իշխանության` ընտրություններ կեղծելու եւ դրանից հետո ուժ կիրառելու ախորժակը: Բայց նման անթափանց գործընթացից, հատկապես եթե հաշվի առնենք, թե ովքեր են ներգրավված այս գործընթացում` առաջին հերթին տուժելու է ողջ հայ ժողովուրդը: Այս առումով լուրջ մտավախություններ կան, քանի որ ո'չ իշխանությունը, ո'չ էլ ՀԱԿ-ը չունեն այն ներուժը, որ կարողանան լուծել 21-րդ դարում Հայաստանի եւ մեր ազգի առջեւ ծառացած խնդիրները»:

«Հայոց Աշխարհ» թերթի ուշադրության կենտրոնում ղարաբաղյան վերջին զարգացումներն են. - «Ղարաբաղյան բանակցային գործընթացի հետկազանյան շրջափուլում ճեղքման հասնելու նպատակով գերտերությունների գործադրած վերջին ջանքերի եւ հակամարտության կողմերի սկզբունքային դիրքորոշումների համեմատությունը առաջիկա շաբաթներին լավատեսության լուրջ հիմք չի տալիս։ Ճիշտ է, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր վերջին տարածաշրջանային այցի հետ կապված Twitter-ում պարզաբանել է, թե նախագահ Դ.Մեդվեդեւը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հասկացրել է, որ եկել է պայմանավորվելու ժամանակը։ Բայց, դատելով երկու կողմերի զգուշավոր պահվածքից, դժվար չէ եզրակացնել, որ դրանից հետո էլ Հայաստանը պահանջում է Ադրբեջանից հետ վերցնել իր կազանյան 10 առարկությունները, իսկ սա էլ հետկազանյան գործընթացն ընդհանրապես տապալելու համար առիթ է փնտրում։ Ուստի մոտ մեկ շաբաթ հետո տարածաշրջան այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դժվար թե հաջողվի ինչ-որ առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում»։

«Ժամանակ» թերթում կարդում ենք. - « Հայաստանում անցած շաբաթ մեծ աղմուկ հանած «Աշխարհի վատագույն տնտեսություններ» Forbes հեղինակավոր ամսագրում տպագրված հոդվածի հեղինակ Դենիել Ֆիշերն անդրադարձել է նաեւ իր բլոգում հրապարակված մեկնաբանություններին: Oգտատերերից մեկի այն դիտարկամը, թե Հայաստանի վիճակն այնքան էլ վատ չէ՝ համեմատած Աֆրիկայի եւ նույնիսկ Ասիայի որոշ երկրների հետ, եւ տարօրինակ է Հայաստանին այս ցուցակում տեսնելը, Ֆրեշը պատասխանել է, որ հնարավոր է՝ ընդհանուր առմամբ, Հայաստանը երկրորդ վատագույնը չէ: «Ինչպես ես նշել էի, մենք օգտագործել ենք միայն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վերջին երեք տարիների երկրների վերաբերյալ ներկայացրած տվյալները: Եվ Հայաստանը լուրջ անկում է ապրել արտագաղթածների կողմից ֆինանսավորվող շինարարական ոլորտի պատճառով։ Այդ իրավիճակը հավանաբար կշտկվի: Կարող եմ խաղադրույք կատարել եւ ասել, որ նրանք հաջորդ տարի այս ցուցակից դուրս կլինեն»,- թերթի մատուցմամբ` գրել է Forbes-ի խմբագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG