Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կիրակի օրը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում վերջապես իր դիրքորոշումը հայտնեց Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատման դեմ բարձրացած աղմուկի կապակցությամբ:

«Պիտի միասնաբար նորմալ լուծում գտնենք, այդ աղմուկը չլինի: Դա մեր բոլորի թերացումն է, առաջինը, ըստ երեւույթին, իմը», - ասաց Պարգեւ արքեպիսկոպոսը:

Գանձասարի համալիրի պարիսպը երեսպատել առաջարկել էր մոսկվաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանը, ով մոտ 10 տարի առաջ վերանորոգել էր վանական համալիրը եւ այնտեղ տանող ճանապարհը: Սակայն Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության նախարարության Հուշարձանների պահպանման վարչությունը, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը բացասական եզրակացություն են տվել պարսպի վերանորոգմանը, ինչից հետո վերանորոգումը դադարեցվել էր: Սակայն օրերս երեսպատումը վերսկսվել էր` բարերար Լեւոն Հայրապետյանի ցանկությամբ:

Արցախի թեմի առաջնորդն ասում է, որ դա պարիսպը փրկելու միակ միջոցն է, եւ այս դեպքում հապաղել չէր կարելի:

«Մենք ստիպված եղանք մի փոքր կանոններին հակառակ` կղմինդրով ծածկել, որպեսզի այն 5 տարին մեկ չնորոգենք: Պարիսպը պետք է պահպանել, մենք ոչ ժամանակ ունենք, ոչ էլ միջոց 5 տարին, 7 տարին մեկ նորոգելու», - ասաց արքեպիսկոպոսը:

Պարսպի վերանորոգմանը կողմ արտահայտվողների, ինչպես նաեւ Պարգեւ արքեպիսկոպոսի հիմնական փաստարկն այն է, որ այն բազմիցս վերանորոգվել է ու ճարտարապետական-մշակութային արժեք իրենից այլեւս չի ներկայացնում:

Հայաստանի ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանը, ով պարսպի երեսպատմանը կտրականապես դեմ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ճարտարապետները պետք է իմանան, որ պարիսպը երեսպատելով չի ամրանում:

«Դա բացարձակ անգրագիտություն է, որովհետեւ թույլ պատը երեսպատելով ավելի է թուլանում», - ասաց Տիտանյանը:

Մինչդեռ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը բերում է բազմաթիվ փաստարկներ, երբ եկեղեցիները եւ դրանց պարիսպները վերանորոգվել են, եւ դա չի դիտվել որպես պատմական արժեք ունեցող կոթողին հասցված վնաս:

«Սուրբ Մայր Աթոռ Էջմիածնի պարիսպը եղել է կավից, բայց կաթողիկոսը այդ պատը քանդեց 60-ական թվականներին, նոր տուֆով պարսպապատեց Մայր Աթոռը», - օրինակ բերեց Պարգեւ արքեպիսկոպոսը:

Գրիգոր քահանա Մարկոսյանի կարծիքով՝ պատի ամրացումը եկեղեցու օգտին է, պարիսպը պատմամշակութային արժեք չի ներկայացնում, եւ Լեւոն Հայրապետյանին պետք է միայն շնորհակալություն հայտնել:

«Երբ Լեւոն Հայրապետյանը եկեղեցու գավիթն էր վերանորոգում, երբ եկեղեցու սալահատակն էին անում, երբ եկեղեցու խորանն էր նորացվում, ո՞ւր էին ճարտարապետները», - հարցնում է Մարկոսյանը:

Գրիգոր քահանա Մարկոսյանը նաեւ նշեց, որ Գանձասարի պարսպի շուրջ բարձրացած աղմուկը այն մարդկանց ձեռքի գործն է, ովքեր ուզում էին իրենք զբաղվել երեսպատմամբ: Նույն մտահոգությունը ներկայացրեց նաեւ Լեւոն Հայրապետյանի եղբայր Վլադիմիր Հայրապետյանը, ում կարծիքով` իր եղբոր բարերարություն չի գնահատվում եւ դեռ մի բան էլ վատ անկյունից է ներկայացվում: Մինչդեռ, նրա խոսքով, Գանձասարի պարսպի քարերը մշակելու համար հենց տեղում հատուկ արտադրամաս է ստեղծվել, իսկ պարսպի երեսպատման ամբողջ նախագիծը արժեցել է 1 միլիոն դոլար:

Մանուշակ Տիտանյանն ասում է, որ ղարաբաղցիները գնահատում են Հայրապետյանի բարերարությունը եւ մեծ ավանդը, սակայն դա նրան իրավունք չի տալիս առանց համապատասխան թույլտվության նման շինարարական աշխատանքներ իրականացնել:

«Կան հարցեր` միջավայրի, հուշարձանների, անգամ բնության պահպանման, երբ ինքը ոչ մեկին ոչինչ չի հարցնում եւ իրեն բացարձակ տեր է զգում», - ասաց Տիտանյանը:

Վլադիմիր Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենք կավարտեն այն պատի երեսպատումը, որի աշխատանքներն արդեն սկսել են, բայց մյուս ետնամասային պատերն այլեւս չեն երեսպատի, քանի որ բարերարը հիասթափված է առաջացած արձագանքից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG