Մատչելիության հղումներ

Առաջիկա շաբաթների ընթացքում պաշտոնական Բրյուսելը Հարավային Կովկաս կուղարկի իր նոր հատուկ ներկայացուցչին, որի հիմնական առաքելություններից մեկը կլինի նպաստել տարածաշրջանի հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարարության` Արեւելյան հարեւանության ծրագրի գործադիր տնօրեն Միրոսլավ Լայչակը:

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ուզում է մեծացնել իր դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն` ոչ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հաշվին:

«Եվրամիությունը աջակցում է Մինսկի խմբին եւ հակամարտության քաղաքական կարգավորումը գտնելու` դրա ջանքերին: Սակայն, միեւնույն ժամանակ, Եվրամիության անդամ երկրների շարքում այժմ աճող համոզմունք կա, որ պաշտոնական Բրյուսելը նույնպես պետք է ակտիվ եւ տեսանելի քաղաքական դերակատարություն ունենա: Ղարաբաղյան խնդիրը մեր հարեւանությամբ գտնվող միակ հարցն է, որի կարգավորմանը Եվրամիությունը ուղղակիորեն ներգրավված չէ: Մենք չենք կարող հարաբերություններ ունենալ մեր արեւելյան հարեւանների հետ եւ ձեւացնել, թե այդ հարցը գոյություն չունի», - ասել է Լայչակը:

Վերջինիս խոսքով, այժմ Եվրամիությունը բանակցություններ է վարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հետ` որոշելու, թե կոնկրետ ինչ քայլեր, երբ եւ ինչպես կարող է ձեռնարկել Բրյուսելը` կարգավորման ուղղությամբ: «Սակայն, այս հարցի պատասխանը կախված է ոչ թե Մինսկի խմբի հետ քննարկումներից, այլ բանակցություններից», - նշել է եվրոպացի դիվանագետը:

«Ներկայումս սեղանին է քաղաքական կարգավորում, որը գործունեության նոր դաշտ կբացի բազմաթիվ գործող անձանց, այդ թվում` Եվրամիության համար: Բրյուսելը կարող է շատ բան անել, օրինակ` մերձեցնել կողմերին, խթանել երկխոսությունը հասարակությունների միջեւ, եվրոպական չափանիշներ բերել: Սակայն, այդ քայլերը կախված են բանակցային գործընթացի դինամիկայից. եթե առաջընթաց լինի, Եվրամիության համար ներգրավվածության առավել մեծ դաշտ կբացվի, եթե առաջընթաց չլինի, եվրոպական ընտանիքը ավելի քիչ բան անելու հնարավորություն կունենա», - ընդգծել է Միրոսլավ Լայչակը:

«Այս հակամարտության նկատմամբ Եվրամիության հետաքրքրվածության ամենավառ ապացույցը այն փաստն է, որ շատ շուտով արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նշանակելու է Հարավային Կովկասում Եվրամիության նոր ներկայացուցիչ: Այս նշանակումը կլինի այն միջոցը, որը հնարավորություն կտա կյանքի կոչել Եվրամիության դիրքորոշումները, շահերն ու քաղաքականությունը Հարավային Կովկասում», - ասել է եվրոպացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG