Մատչելիության հղումներ

logo-print

Հայտնի են ԿԸՀ անդամության թեկնածուները, 2-ը ինքնաբացարկ են հայտարարել


Ընտրություններ Երեւանում, արխիվային լուսանկար

Ընտրություններ Երեւանում, արխիվային լուսանկար

Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած ԿԸՀ անդամների թեկնածուների մրցույթի արդյունքներով չէր առաջադրվել որպես ԿԸՀ անդամի թեկնածու, այդուհանդերձ, նրա թեկնածությունը երկուշաբթի օրը առաջադրել է Վճռաբեկ դատարանի նախագահը:

Ազարյանի մեկնաբանմամբ` Վճռաբեկ դատարանի նախագահի առաջադրումից հետո ինքը հրաժարվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրվել որպես ԿԸՀ անդամ: Ազարյանի խոսքով` ինքն է առաջարկել Վճռաբեկ դատարանի նախագահին առաջադրել իր թեկնածությունը:

Ազարյանը, իր խոսքով, Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած մրցույթին մասնակցելուց հետո է հրաժարվել օմբուդսմենի կողմից առաջադրվելուց:

«Երբ ես մասնակցեցի մրցույթին, ես տեսա, որ գործող ԿԸՀ նախագահի համար ավելի նպատակահարմար է նշանակվել այլ մարմնի կողմից: Դա իմ անձնական կարծիքն է», - ասաց Ազարյանը:

Հարցին, թե ԿԸՀ նոր կազմում ցանկություն ունի՞ մնալ հանձնաժողովի նախագահ, Ազարյանը պատասխանեց. - «Իսկ դուք կարծում եք` ես կհամաձայնվե՞մ մնալ միայն ԿԸՀ անդամ»:

Այսօր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրած ԿԸՀ անդամության երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը: Ինքնաբացարկի իրենց քայլը օմբուդսմենին ուղղված գրության մեջ նրանք կերպ են մեկնաբանել. - «Մրցույթի արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո զանգվածային լրատվության որոշ միջոցներ հեգնեցին մեր երիտասարդ տարիքն ու անփորձությունը, սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ մենք Ձեզ հետ նախկինում աշխատել ենք միեւնույն իրավաբանական գրասենյակում, ոմանք նույնիսկ մեզ արդեն պիտակավորեցին «ապագա ընտրակեղծարարների»: Լինելով երիտասարդ իրավաբաններ եւ ամենեւին ոչ հրապարակային հասարակական-քաղաքական գործիչներ` մենք պատրաստ էինք աշխատել ԿԸՀ-ում որպես չքաղաքականացված եւ արհեստավարժ մասնագետներ, բայց ոչ երբեք ենթարկվել մեր պատկերացմամբ անարդար հարձակումների»:

Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող ներկայացնել ավարտված մրցույթի մասնակիցներից եւ ոչ մեկին, հետեւաբար, պետք է առաջադրի երկու նոր անձանց, ԿԸՀ երեք անդամները հանրապետության նախագահին եւ հանրությանը կներկայացվեն մինչեւ հուլիսի 12-ը: Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրած մյուս թեկնածուն Էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման եւ թույլտվությունների գործակալության պետ Արտակ Մելիքսեթյանն է:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ԿԸՀ անդամի պաշտոնում առաջարկել է փաստաբան Գեորգի Մարտիրոսյանին եւ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանին:

Ինչ վերաբերում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ձեւավորման կարգին, ապա, համաձայն օրենքի, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները` մեկական անդամ, եթե խմբակցությունների թիվը մեծ է 4-ից, եւ երկուական անդամ, եթե խմբակցությունների թիվը փոքր է հինգից:

Այսօր ԿԸՀ-ն իր գործող կազմով գումարեց վերջին արտահերթ նիստը, ինչից հետո հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հանձնաժողովի անդամներին խորհուրդ տվեց հարցերին նայել թեթեւ, քանի որ, իր խոսքով շատ ավելի կարեւոր բաներ կան, քան ԿԸՀ անդամ լինելը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG