Մատչելիության հղումներ

Ինչ խնդիրներ ունեն այսօր Հայաստանում եւ Եվրոպայում բնակվող խուլ երիտասարդները


Հայ խուլ երիտասարդներ, արխիվային լուսանկար

Հայ խուլ երիտասարդներ, արխիվային լուսանկար

Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում Հայաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Բելառուսը ներկայացնող 15 խուլ եւ 15 լսող երիտասարդներ մասնակցեցին «Բավական տարբեր են թվում» երիտասարդական փոխանակման ծրագրին:

Եվրամիության այս նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսել երիտասարդներին` լինել ակտիվ քաղաքացիներ, մասնակցել համայնքների քաղաքացիական կյանքին, զարգացնել միջմշակութային շփումը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող ծրագրի հեղինակ Աննա Սարգսյանի խոսքով` լեզուն չպետք է խոչընդոտ լինի շփման համար: Հանդիպումը թույլ տվեց լսողներին առավել լավ ճանաչել մի խմբի, որի հետ հաղորդակցումը կյանքում շատ քիչ է, հասկանալ նրանց խնդիրներն ու կարիքները:

«Մեր հայ խուլ երիտասարդները հիմնականում սոցիալապես անապահով են, քանի որ ինտեգրված չեն հասարակությանը, խնդիրները շատ են: Հայերը տեսան, թե Եվրոպայից եկած խուլերը ինչպես են պայքարում ինտեգրման եւ իրենց իրավունքների համար, Ֆրանսիայում 2005 թվականից ժեստերի լեզուն համարվում է պաշտոնական լեզու», - հավելեց Սարգսյանը:

Հայկական խմբի խուլ մասնակիցներից Մարիա Պետրոսյանը զարմացել էր, երբ եվրոպացիներն իրեն պատմել էին, որ պետությունն իրենց ամսական 800 դոլար նպաստ է տալիս: Հայաստանում նպաստի չափը 11 հազար դրամ է, որ պարզապես ծիծաղելի գումար է համարում Մարիան, քանի որ այն ոչնչի չի բավարարում: Եթե ուզում ես ինքդ գումար վաստակել, ապա անմիջապես հասկանում ես, որ մեր երկրում դա անհնար է. - «Դպրոցն ավարտելուց հետո մենք չենք կարողանում բուհ ընդունվել, քանի որ թարգմանիչներ չկան, մեզ մերժում են բոլոր գործատուները, պետության կողմից այս առումով աջակցություն չկա: Նույնիսկ հեռուստացույց չենք կարողանում դիտել, որովհետեւ հաղորդումները չեն թարգմանվում»:

Ֆրանսիական թիմի ներկայացուցիչ Սաբին Պակալոնն այժմ բնակվում է Գերմանիայում, քանի որ այնտեղ շատ արագ կարողացել է աշխատանք գտնել: Նա նշեց, որ եվրոպական երկրներում էլ դեռեւս հեշտ չէ զբաղվածության հարցը լուծելը, սակայն պետությունը այնքան նպաստ է տալիս, որ դու կարող ես աշխատանքում օգտվել թարգմանչի ծառայություններից. - «Պետությունը, հասարակական կազմակերպությունները տարբեր սոցիալական ծրագեր են իրականացնում մեզ համար, Հայաստանը այս առումով շատ հետ է մնացել Եվրոպայի առաջընթացից»:

Աննա Սարգսյանն ասաց, որ մի շարք երկրներում արդեն խոսում են խուլերի մշակույթի, նրանց որպես սոցիալ-լեզվական փոքրամասնություն, այլ ոչ թե հաշմանդամ դիտարկելու մասին:

XS
SM
MD
LG