Մատչելիության հղումներ

Մեկնարկել է 8-րդ «Ոսկե ծիրանը»-ը


Ֆրանսիացի դերասանուհի Ֆաննի Արդանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քայլում է կարմիր գորգի վրայով «Ոսկե ծիրան»-ի բացման արարողության ժամանակ, 10 հուլիս, 2011
Ֆրանսիացի դերասանուհի Ֆաննի Արդանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քայլում է կարմիր գորգի վրայով «Ոսկե ծիրան»-ի բացման արարողության ժամանակ, 10 հուլիս, 2011
Կիրակի` հուլիս 10-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի շնորհիվ արդեն ութերորդ տարին հայ արվեստասերները հնարավորություն են ստանում դիտելու աշխարհի տարբեր երկրներում նկարահանված լավագույն` հիմնականում հեղինակային ֆիլմեր, որով էլ առանձնանում է երեւանյան միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը կիրակի երեկոյան սկսվեց Շառլ Ազնավուրի հրապարակից: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով անցան հայ եւ օտարերկրացի կինոգործիչները` փառատոնի կազմակերպիչների ուղեկցությամբ: «Ոսկե ծիրան»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Այնտեղ մինչ փառատոնի բացման ֆիլմի` Աբբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմի ցուցադրությունը, ողջույնի խոսքերից հետո ստեղծագործական մեծ վաստակի եւ համաշխարհային կինոյի ասպարեզում իր ներդրման համար «Ոսկե ծիրան»-ի բարձրագույն պարգեւին` «Փարաջանովյան թալերին» արժանացավ ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Ֆաննի Արդանը:

Մինչ փառատոնի սկիզբը` կիրակի կեսօրին նրա հետ առանձին հանդիպում էր կազմակերպված լրագրողներ համար, որտեղ ավելի քան մեկ ժամ հանրահայտ դերասանուհին պատասխանեց ամենատարբեր հարցերին, այդ թվում` իր հայկական արմատների մասին հարցին` շեշտելով, որ դա ընտանեկան գաղտնիք է, եւ այդ մասին չի ուզում խոսել լրագրողների հետ:

Ներկայացնելով Ֆաննի Արդանին`«Ոսկե ծիրան»-ի նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ Երեւանում է մի դերասանուհին, որին երազում են հանդիպել աշխարհում միլիոնավոր մարդիկ, ովքեր երբեւէ տեսել են նրա 50 ֆիլմերից որեւէ մեկը:

Ֆաննի Արդանը վաղը առավոտյան կմեկնի Երեւանից: Ասուլիսում նա ասաց, թե մինչ այդ հույս ունի ծանոթանալ Հայաստանին եւ հայերին: Նա շեշտեց նաեւ, որ գիտե, թե հինավուրց պատմություն եւ հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է եկել:

Այս երեկո «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն նրա երկու ֆիլմերը` «Մոխիր եւ արյուն» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը եւ «Բացակա երազանքներ» կարճամետրաժ ֆիլմը: Այս երկու ֆիլմերը նրա ռեժիսորական աշխատանքներն են:

«Արդեն վաղուց է, որ երազում եմ Հայաստան գալու մասին, ես Հայաստանի վերաբերյալ վիպական պատկերացում ունեմ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արդանը:

Հանրահայտ դերասանուհին ճամփորդել չի սիրում, սիրում է կոնկրետ որեւէ նպատակով այցելել որեւէ երկիր: Նա ասաց, թե ճանաչել է հայ դերասանների, բայց շեշտեց, որ շփումների եւ հարաբերությունների համար ազգությունը կարեւոր չէ, կարեւորը մարդկային հատկանիշներն են ու փոխըմբռնումը:

«Ինձ համար մեծ վեպը, մեծ երաժշտությունը, մեծ ֆիլմը ինքնին արժեքավոր է, եւ կարեւոր չէ, թե ով է դա ստեղծել, դա բոլորին է պատկանում», - ասաց Ֆաննի Արդանը:

Մինչեւ կիրակի օրը` հուլիսի 17-ը ներառյալ «Մոսկվա» կինոթատրոնում, փառատոնի շրջանակներում ժամանակավորապես վերաբացված «Նաիրի» կինոթատրոնում, Տիկնիկային թատրոնում, «Նարեկացի» արվեստի սրահում, ուշ երեկոներին նաեւ «Պողոսյան պարտեզներ»-ում հնարավոր կլինի դիտել փառատոնին մասնակից ֆիլմերը:
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG