Մատչելիության հղումներ

2011 թվականին իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշող Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը այսօրվանից իր տեղը կունենա համաշխարհային հեռուստաեթերի օնլայն տարածքում:

Կառույցը պատրաստելու է Amnesty TV հաղորդաշարը, որը համացանցով հեռարձակվելու է ամիսը երկու անգամ:

Observer հանդեսի փոխանցմամբ` այդ ծրագիրը ամփոփելու է մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում աշխարհից ստացված տեղեկությունները, ցուցադրելու է վավերագրական ֆիլմեր եւ պատրաստելու է երգիծական սյուժեներ:

Amnesty International-ի 50-ամյա հոբելյանի առիթով այդ ծրագրով կհեռարձակվի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օնգ Սան Սու Չիի հատուկ ուղերձը, ապա կցուցադրվի ռեպորտաժ համացանցային հանրագիտարանի` Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսի եւ մի խումբ դպրոցականների հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել են ինտերնետի ազատության եւ Չինաստանում ինտերնետային գրաքննության հարցերը:

Ուելսը Observer-ին ասել է, որ հետզհետե ընդարձակվող ինտերնետը իրավապաշտպանների ձեռքում դառնում է հզոր գործիք:

«Նույնիսկ այն երկրներում, որտեղ կան խոսքի ազատության մեծ խնդիրներ, ինտերնետի առկայությունը նշանակում է ավելի ու ավելի մեծ չափով խոսքի ազատության տարածում: Իհարկե, այդ վարչակարգերը դրա դեմ պայքարում են, սահմանափակում են, բայց ամենակարեւոր հանգամանքը այն է, որ հիմա ոչ մի երկիր չի կարող ապրել առանց ինտերնետի», - ընդգծել է Ջիմի Ուելսը եւ ավելացրել. - «Հնարավոր չէ պարզապես անջատել ինտերնետը, որովհետեւ այն անհրաժեշտ է այսօրվա կյանքում: Քանի դեռ կա ինտերնետ, մարդիկ այն օգտագործելու են իրար հետ շփվելու համար»:

Amnesty International կազմակերպության պատասխանատուներից Էնդի Հաքմանի փոխանցմամբ` օնլայն հեռուստաշարքի նպատակն է միավորել մարդկանց:

«Հեռուստածրագրի հաղորդումները կօգնեն ներգրավել իրավապաշտպան գաղափարների աջակիցների նոր սերունդ», - ասել է Հաքմանը:

Amnesty International ծրագրի օնլայն հասցեն է amnesty.co.uk, ծրագիրը կտեղադրվի նաեւ YouTube-ում:

Amnesty International-ը ստեղծվել է Observer-ի մի հրապարակման ազդեցության արդյունքում: «Մոռացված բանտարկյալները» վերտառությամբ կոչ-հոդվածում անգլիացի փաստաբան Փիթեր Բենենսոնը շեշտել էր իենց համոզմունքների համար բանտերը նետված մարդկանց ազատություն շնորհելու անհրաժեշտությունը: 1961 թվականին հրապարակված այդ հոդվածը մեծ արձագանք է ստացել Observer-ի ընթերցողների շրջանում: Տարբեր երկրներում ստեղծվել են Բենենսոնի ուղերձը սատարող հասարակական խմբեր:

Անցած կես դարում Amnesty International-ի ջանքերով բանտերից ազատվել են հազարավոր խղճի բանտարկյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG