Մատչելիության հղումներ

Հուլիսի 9-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասում է. - «Մենք չէինք ցանկանա, որ այս մարտահրավերների առկայությամբ երկրում իրավիճակ սրվի, բայց մենք չենք կարող նման մոտեցման պատանդ դառնալ: Եթե հանուն կայունության ոչինչ չանենք, օլիգարխիան ուղղակի կխեղդի Հայաստանի տնտեսությունը: Եթե ժողովուրդը ապստամբի, հասկանալի է, առճակատումն անխուսափելի է, եւ կորուստներ կունենանք, բայց գոնե առաջանում է շանս ժողովրդավարության հաղթանակի համար: Ցավոք, երկիրը հասել է մի իրավիճակի, որում պետք է կշռենք, թե որ ճանապարհով գնալով մենք ավելի քիչ կորուստներ կունենանք: Իշխանությունները պետք է հասկանան, որ մասնակցելով ժողովրդավարացման գործընթացին, իրենք թեեւ հեռանալու են, բայց հեռանալու են աստիճանաբար, անցնցում եւ ինչ-որ իմաստով պատվաբեր ձեւով, այնպես, ինչպես հեռացան Յարուզելսկին, Պինոչետը, Մուշարաֆը, այլ ոչ այն անպատվաբեր եւ երկրի համար վնասաբեր ձեւով, որով հեռացան Մուբարաքը, Բեն Ալին եւ բազմաթիվ այլ ոչ խելամիտ բռնապետներ»:

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Արտահերթ ընտրություններ պահանջելու սպառնալիքը, օր առաջ հանրահավաք անցկացնելու ՀԱԿ որոշումը վկայում են, որ Կոնգրեսում սկսում է որակ կազմել վճռական գործողությունների անցնելու կողմնակիցների շրջանակը: Դա նշանակում է, որ տերպետրոսյանական միահեծան ազդեցությունն ու երկարաժամկետ հաշվարկների վրա խարսխված մարտավարությունը աստիճանաբար զիջում է իր տեղը: Ակնհայտ է դառնում, որ իշխանությունը առայժմ փորձում է խաղալ ժամանակի վրա եւ անընդհատ ռեւերանսներ կատարել մի կողմից ԲՀԿ-ին, մյուս կողմից ՀԱԿ-ին: Առաջինը իշխանությանն անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն ապահովելու եւ իշխանության քաղաքական հենարանի ամբողջականությունը պահելու, իսկ երկրորդը` արտաքին քաղաքականության ոլորտում հավասարակշռություն պահելու եւ ներքին համաձայնության պատրանք ստեղծելու համար: Այս պահին կողմերից որեւէ մեկին նախապատվության տալը իշխանության համար կարող է չափազանց ծանր հետեւանքներ ունենալ, մինչդեռ «լողացող» քաղաքականության շնորհիվ նա կարողանում է բոլոր թելերն առայժմ պահել իր ձեռքերում: Թե որքան կշարունակվի այս ամենը, պայմանավորված է լինելու Լեռնային Ղարաբաղի հարցում առաջիկա զարգացումներով»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ: Լրագրողը հարցնում է. -« Ինչպե՞ս եք պատրաստվում աշնանային թեժ զարգացումներին. հնարավորություն տեսնո՞ւմ եք` քաղաքական գործընթացները դուրս բերելու իշխանություն-ՀԱԿ «երկխոսության» փակ շրջանից»։ Պատասխան. - «Մեր ցանկությունն է` հասնել խորքային, բովանդակային բազմասուբյեկտ գործընթացների, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր իշխանության եւ ընդդիմության մի հատվածի միջեւ, չգիտես նույնիսկ` լեզվակռի՞վ է, թե՞ երկխոսություն։ Այս պարագայում առավելագույնը, որ կարող ենք անել, կարծիք հայտնելն է, ինչն էլ անում ենք։ Մեզ համար ակնհայտ դարձավ, որ քաղաքականությունը Հայաստանում հիմնականում կամ առավելապես խոսքից այն կողմ չի անցնում։ Որեւէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Հայաստանում կա երկխոսություն, երբ համատարած ավելի շատ տեսնում ես մենախոսություն»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բացի վարչապետից` բոլորն էլ կարծես նույնն են ասում` արտագաղթը չարիք է, այն պետք է կասեցնել կամ գոնե մեղմել: Բայց իշխանական եւ մերձիշխանական ճամբարի ներկայացուցիչները վախենում են նշել այդ չարիքի իրական պատճառները եւ ուրեմն դրանից ազատվելու իրական միջոցները: Արտագաղթի հիմնական պատճառները ապօրինությունն ու անհեռանկարությունն են, իսկ սրանց հիմքում ընկած է մեր երկրի քաղաքական եւ տնտեսական համակարգը, որը բնավ էլ անդեմ չէ, այլ բաղկացած է կոնկրետ մարդկանցից եւ ծառայում է նրանց շահերին: Ահա այդ համակարգը կամ, պատկերավոր ասած` ավազակապետական բուրգը կազմաքանդելը կդառնա արտագաղթը կասեցնելու հիմնական գործոնը: Բայց մարդիկ իսկապես ամեն ինչի ընդունակ են հանուն ունեցվածքի, եւ 2008 թվականի մարտի 1-ը եկավ այդ տեսակետը ապացուցելու: Մարտի 1-ին 10 հոգու գնդակահարեցին եւ պահպանեցին թե' իրենց իշխանությունը, թե' այդ իշխանության միջոցով կուտակած հարստությունը: Համոզված ենք, որ այդ հանցագործությունը դարձավ արտագաղթի հզոր խթան, ոչ միայն բուն հանցագործությունը, այլեւ դրա պաշտոնական «բացահայտման» այլանդակ գործընթացը»:

Հինգշաբթի օրը Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել փաստաբանները` պաշտպանության տակ առնելով մի դատավորի, որը մի գործով ինքնուրույն որոշում էր կայացրել, որի համար էլ իշխանությունները որոշել են նրան զրկել իր լիազորություններից: «Եկել է ժամանակը, երբ անկախ դատարանը հասարակական պահանջ է: Քաղաքացին այսօր վատ վիճակում է: Նա չի տեսնում որեւէ ատյան, որից կարող է արդարություն պահանջել, ակնկալել: Այսօր այդ ատյանը նրանց համար նախագահի աշխատակազմն է: Մարդիկ իրենց բոլոր հույսերը կապում են ոչ թե դատարանների, այլ նախագահի աշխատակազմի հետ: Նախագահի աշխատակազմին են ուզում ապացուցել իրենց անմեղությունը, որպեսզի այնտեղից դատարաններին արդար վճիռ կայացնելու հրահանգ իջեցվի: Իսկ փաստաբանների այս ակցիան կարող է դառնալ անկախ համակարգի կայացման հզոր խթան», - «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է նախկին քննիչ ու դատախազ, այժմ փաստաբան Հակոբ Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG