Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքագետները մեկնաբանում են ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս փուլը


Եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) բանակցություններ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Կազանում, 24 հուլիս, 2011

Եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) բանակցություններ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Կազանում, 24 հուլիս, 2011

«Սկսվել է Կազան 2-ը», - այսպես մեկնաբանեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան, այնուհետեւ Բաքու:

Քաղաքագետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե դա նշանակում է, որ գործընթացը կանգ չառավ, թեեւ Կազանից ակնկալված արդյունքներ չարդարացան: Ռուսաստանը, Մեհրաբյանի գնահատմամբ, համաձայնեցնելով իր քայլերը համանախագահող մյուս երկրների հետ, օպերատորի դեր է ստանձնել ղարաբաղյան գործընթացում:

Քաղաքագետը նկատում է, որ գնալով ակտիվանում է նաեւ Եվրամիության դերը այս հարցում: Այս համատեքստում Մեհրաբյանը մեծ հնարավորություններ է տեսնում, որ մինչեւ տարեվերջ Հայաստանն ու Ադրբեջանը հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության կգան:

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը Հայաստանին եւ Ադրբեջանին նախօրեին կոչ էր արել մինչեւ տարեվերջ լուծում գտնել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Մեհրաբյանն ասում է, թե կրճատվել է կողմերի մանեւրելու հնարավորությունը. - «Այդքանն ասելուց հետո, երբ դա տեղի չի ունենում, դա հանրության աչքերում ինչ-որ ձեւով այդ ասողներին վարկաբեկում է», - կարծում է նա:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ` իրադարձություններն ընթանում են գործընթացի տրամաբանության մեջ: ՆաՍերգեյ Լավրովի այցը սովորական է բնութագրում եւ կարծում է, որ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում:

Քաղաքագետի կարծիքով` Ռուսաստանի արտգործնախարարի այցը Երեւան եւ Բաքու չի կարող էական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա: Նա ղարաբաղյան խնդրում մինչեւ տարեվերջ համաձայնության գալու համար հիմքեր չի տեսնում եւ կարծում է, որ այս փուլում ռուսները Հայաստանից եւ Ադրբեջանից ցանկանում են փաստաթուղթ ստանալ` չհարձակվելու մասին համաձայնագիր:

«Բանակցային գործընթացը գրեթե 20 տարեկան է, ի՞նչ է տեղի ունեցել, Իրանն է ԱՄՆ-ի կողմից գրավվա՞ծ, ուժերի հավասարակշռությունն է կտրուկ փոխվե՞լ, Ադրբեջանը հանկարծ Չինաստան է դարձե՞լ, ինչո՞ւ պետք է այդ փոփոխությունները տեղի ունենան, այն էլ առաջիկա երեք ամիսներին: Այդպիսի գործընթացներում նման բաներ չեն լինում», - ասաց Իսկանդարյանը:

Խոսելով պատերազմի հավանականության մասին` Իսկանդարյանն ասաց` եթե գտնվի ինչ-որ խելագար, պատերազմ կսկսվի, բայց նաեւ նշեց, որ ինքը Ադրբեջանի ղեկավարությանը իբրեւ խելագարների չի վերաբերվում:

«Եթե պատերազմ սկսվի, այն կձգվի 3-5 օր: Դա մեծ կորուստներ կբերի Ղարաբաղի հայերին, բայց դա Ադրբեջանի խնդիրները չի լուծի, ավելին` Ադրբեջանը այդ պատերազմի հետեւանքով շատ լուրջ կորուստներ կունենա, ինչն էլ ամենայն հավանականությամբ կբերի իշխանափոխության: Պատերազմի պատճառով կարող է դադարեցվել Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, կվնասվեն նավթային ենթակառուցվածքները», - ասաց Իսկանդարյանը:

Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է, որ պատերազմի հնարավորություն կա, բայց այն չնչին է:

«Այս ակտիվացման ֆոնին նույնիսկ տեսական հնարավորությունը էլ ավելի է փոքրանում, որովհետեւ դրանում շահագրգռված չեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ինչպես նաեւ արտաքին խաղացողները: Պատերազմի հռետորաբանությունը, թե հակահռետորաբանությունը մնում են ներքին օգտագործման համար նախատեսված շրջանակների սահմաններում», - ասաց Մեհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG