Մատչելիության հղումներ

Ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումը 2010-ին աճել է 40 տոկոսով


Դոնի Ռոստովում այսօր աշխատանքներն է սկսել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Նախքան 13-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի առանձնազրույցը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. - «Հանձնաժողովի նախորդ` 12-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել: Այսպես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2010 թվականին աճել է ավելի քան 10 տոկոսով եւ հասել գրեթե 1 միլիարդ դոլարի: Իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առեւտրաշրջանառությունը մեր երկրների միջեւ ավելացել է 13 տոկոսով»:

«Մեծ ուշադրության է արժանի հայկական ապրանքների արտահանման տեմպերի աճը ռուսական շուկա, որը 2010 թվականին աճել է ավելի քան 40 տոկոսով. ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է այս ցուցանիշի աճ` 27 տոկոսով», - ասել է Հայաստանի վարչապետը:

Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ տնտեսական ներուժը մեծ է, եւ լավ հնարավորություններ կան խորացնելու համագործակցությունը:

Միջկառավարական հանձնաժողովին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Իգոր Լեւիտինը, մասնավորապես, ասել է. - «Ստորագրման է նախապատրաստվում երկկողմ 10 համաձայնագիր ու հուշագիր: Կուզենայի շնորհակալություն հայտնել հայկական կողմին Ազատ տնտեսական գոտու ստեղծման համար: Կարծում եմ` դա կարագացնի այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք փոխանցվել էին ռուսական կողմին: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտ» ձեռնարկության արդիականացման համար միջոցների տրամադրմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG