Մատչելիության հղումներ

«Այս տարի հունիսի 16-26-ը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանն առաջին անգամ հնարավորություն ունեցավ մասնակցելու Պրահայում կազմակերպվող «Քվարդինալեին», որն ամենահայտնի եւ պրոֆեսիոնալ ցուցահանդես - փառատոնն է բեմանկարչության, դիզայնի ասպարեզում»,- նշում է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ով նաեւ «Քվարդինալեին» հայկական կողմի կազմակերպիչն էր:

Հայաստանի մասնակցության նախաձեռնության հեղինակը երիտասարդ բեմանկարչուհի Նելլի Բարսեղյանն է:

«Աշխատելով թատրոնում` ես նկատեցի, որ բաց կա եւ այդ բացը պետք է լրացնել: Պետք է աշխատել եւ սառույցը տեղից շարժել», - ասաց նա:

Սառույցը տեղից շարժվեց եւ 10 օր Պրահայի հանդիսատեսն ու տարբեր երկրներից ժամանած մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական թատերարվեստին:

Մասնակցում էին թվով 62 երկրների ներկայացուցիչներ: Եվ այնպիսի խոշոր երկրների կողքին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Անգլիան, Հայաստանը հնարավորություն ունեցավ ներկայացնելու իր թատրոնի պատմությունը:

«Տաղավարները տեղադրված էին Պրահայի Ազգային պատկերասրահի Ժամանակակից արվեստների թանգարանում: Հայաստանն ուներ իր փոքրիկ` 20 քառակուսի մետր տարածքը, սակայն այցելուների պակաս չի ունեցել», - նշում է Նելլի Բարսեղյանը:



«Պրահայի Քվադրինալե» փառատոնը անցկացվում է 1967 թվականից Չեխիայի մշակույթի նախարարության, Եվրամիության եւ UNESCO-ի կողմից: Եվ, ինչպես հուշում է փառատոնի անվանումը` անցկացվում է չորս տարին մեկ անգամ:

«Շատ գունեղ փառատոն էր եւ շատ ուրախ եմ, որ առաջին անգամ Հայաստանը մասնակցեց ու կարծես հող ստեղծեց հետագա պլանների համար», - եզրափակեց Նելլի Բարսեղյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG