Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան «Ֆորբս»-ի հրապարակումը «կոռեկտ» չի համարում


Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը կոռեկտ չի համարում այն, որ հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրը Հայաստանի տնտեսությունը իր կատարած ուսումնասիրության մեջ համարել է աշխարհի 2-րդ վատագույնը` հենվելով ընդամենը մի քանի ցուցանիշների վրա, որոնք էլ իրենց հերթին արտացոլում են միայն կարճ ժամանակահատված:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Ֆորբս»-ը հրապարակեց աշխարհի 10 վատագույն տնտեսություններն ունեցող երկրների ցանկը, որտեղ Հայաստանը երկրորդ տեղում էր` Մադագասկարից հետո, եւ ըստ ներկայացվածի` Հայաստանի տնտեսությունն ավելի վատն է, քան ցանկում հայտնված Գվինեայինը, Ջամայկայինը կամ Ղրղըզստանինը:

Անդրադառնալով հրապարակման հեղինակին` Դենիել Ֆիշերին, Արտակ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Թող ինձ ների պարոն Ֆիշերը, բայց ես համոզված չեմ, որ ինքը լիարժեք ուսումնասիրել է Հայաստանի եւ մնացած 177 երկրների տնտեսությունները: Եթե դու ուզում ես նման որակում տալ աշխարհի երկրներին, բարի եղիր մի փոքր ավելի խորությամբ ուսումնասիրել բոլոր տնտեսությունները: Թող վերցներ, ասեր` այսինչ տարվա տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը այսինչերորդն է: Ամենախորը անկում գրանցել է այսինչ երկիրը, դրանց հաջորդող տարում ամենաշատ աճել է այնինչ երկիրը: Այսինքն դրվագ ես վերցրել, դրվագով էլ գնահատիր»:

«Ֆորբս»-ի հրապարակած ուսումնասիրության մեջ նշված է, թե երկրների տնտեսությունները դասակարգելիս` մի քանի ցուցանիշներ են հաշվի առնվել, մասնավորապես, 177 երկրների համախառն ներքին արդյունքի ու գնաճի վերջին երեք տարիների միջին ցուցանիշը, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները 2012 թվականի համար, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արդյունքը եւ առեւտրային հաշվեկշիռը:

Արտակ Բաղդասարյանը նշեց, թե դժվար է լուրջ համարել հեղինակի օգտագործած մեթոդաբանությունը, քանի որ, օրինակ, միջազգային հեղինակավոր տարբեր կազմակերպությունները, երբ փորձում են դասակարգել երկրների տնտեսությունները, օգտագործում են անհամեմատ ավելի շատ տվյալներ:

«Նրանք բոլորը հարյուրավոր ցուցանիշներ են վերցնում` օգտվելով տարբեր հարցումների արդյունքներից, նրանք փորձում են որակել տնտեսությունը մի տեսանկյունից` ըստ մրցունակության, ըստ գործարարության համար նպաստավորության, ըստ ազատականության: Հիմա թեկուզ այս չորս ցուցանիշով, թեկուզ դրանք լինեն շատ կարեւոր ցուցանիշներ, որակել ամբողջ տնտեսությունը որպես ամենավատ տնտեսություն, դա մասնագիտական առումով առնվազն կոռեկտ չէ», - ասաց Բաղդասարյանը:

«Ֆորբս»-ի այս հրապարակումը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ասել էր, թե «ամսագիրը արձանագրել է Հայաստանի տնտեսության իրական վիճակը»:

Հրապարակմանը անդրադարձել են նաեւ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Ազգային ժողովի նախարար Հովիկ Աբրահամյանը: Հինգշաբթի օրը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ ԱԺ նախագահն ասել էր. - «Մենք իրոք մտահոգված ենք եւ ասացինք, որ վարչապետը հերքի այդ լուրը: Կառավարությունը պետք է բացատրություն տա»:

Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետը այսօր ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ նյութը հրապարակվել է «Ֆորբս»-ի կայքէջի` բլոգների համար նախատեսված բաժնում, եւ Բաղդասարյանի խոսքով, Էկոնոմիկայի նախարարությունը նամակ է ուղարկել ամսագրին` պարզելու, թե նյութը Դենիել Ֆիշերի, այսպես ասած, անձնակա՞ն հրապարակումն է տվյալ բլոգում, թե՞ «Ֆորբսը» նույնպես կանգնած է այդ նյութի հետեւում:
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG