Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը առաջարկում է կրճատել աջակցությունը ավտորիտար կառավարություններին


Եվրախորհրդարանի նիստը Ստրասբուրգում, արխիվային լուսանկար

Եվրախորհրդարանի նիստը Ստրասբուրգում, արխիվային լուսանկար

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության գործադիր մարմնին` Եվրահանձնաժողովին, կրճատել ֆինանսական աջակցությունը այն կառավարություններին, որոնք չեն հարգում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի` հինգշաբթի օրը ընդունած զեկույցում, որը մի շարք նոր առաջարկներ է ներկայացնում Եվրոպայի հարեւանությամբ գտնվող երկրներում ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ:

«Եվրամիությունը առանց վարանելու պետք է համարժեք եւ խելամիտ պատժամիջոցներ կիրառի ձախողված երկրների առանցքային պաշտոնյաների նկատմամբ, միաժամանակ` աջակցի այդ երկրների բնակչությանը», - ընդգծում է զեկույցն ու առաջարկում ավտորիտար կառավարությունների փոխարեն ֆինանսավորել հասարակական կազմակերպություններին ու անկախ լրատվամիջոցներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության:

Եվրամիության եւ երրորդ երկրների միջեւ համագործակցությունը կարող է հիմնվել միայն ժողովրդավարության վրա` փաստում է զեկույցը եւ ընդգծում, որ, ցավալիորեն, կառույցը երբեմն աչք է փակում այս ոլորտում արձանագրվող բացթողումների վրա։ «Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում ետընթաց արձանագրող երկրների նկատմամբ պատժամիջոցները պետք է իրագործվեն համակարգված, պարբերաբար եւ միջազգային հանրության հնարավոր ընդարձակ աջակցությամբ», - կոչ է անում փաստաթուղթը:

Ֆինանսական սահմանափակումներից ու շարունակական պատժամիջոցներից բացի, զեկույցը հորդորում է նաեւ ավելի մանրազնին ու հետեւողական լինել ընտրությունների դիտարկման գործընթացում եւ մոնիտորինգի ենթարկել ոչ միայն քվեարկությունը, այլեւ դրանից հետո ներկայացված առաջարկությունների ու պահանջների կատարումը:

Բացի այդ, զեկույցը նաեւ կոչ է անում Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության երկրներին` ջանքեր գործադրել, որպեսզի հարեւանությամբ գտնող երկրները վավերացնեն Հռոմի ստատուտը եւ լիովին համագործակցեն Հաագայի միջազգային դատարանի հետ: «Կառավարությունները պետք է պատասխան տան մարդու իրավունքները ոտնահարելու, վատ կառավարման, կոռուպցիայի եւ ազգային ռեսուրսները վատնելու համար», - փաստում է զեկույցը:

«Մենք պետք է դասեր քաղենք Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում բռնկված վերջին հեղափոխություններից ու վերանայենք մեր քաղաքականությունը` ժողովրդավարությունը ամրապնդելու ուղղությամբ», - փաստաթղթի շուրջ քննարկումներում հայտարարեց սլովակ պատգամավոր էդուարդ Կուկանը` ընդգծելով. - «Հարկ է նշել, սակայն, որ աջակցության կարիք ունեն ոչ միայն Եվրամիության հարավում, այլեւ արեւելքում գտնվող երկրները, եւ մենք նրանց մասին չպետք է մոռանանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG