Մատչելիության հղումներ

Բնապահպանը համոզված է, որ ոսկու արդյունահանման ֆաբրիկան կաղտոտի միջավայրը


Ինգա Զարաֆյան
Ինգա Զարաֆյան
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է Արարատում ոսկու արդյունահանման նոր ֆաբրիկայի կառուցել:

2013 թվականին շահագործվելիք ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությանը չորեքշաբթի օրը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, որ արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին: Մինչդեռ «Էկոլուր» հասակարական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը համոզված է, որ Սոտքի հանքավայրի շահագործումն արդեն իսկ հանգեցրել է միջավայրի աղտոտմանը:

«Արդեն Սոտքի բաղադիչը կամաց-կամաց անցնում է գետերին, գետերի միջոցով Սեւանին: Եթե Սեւանը մեզ համար նշանակություն չունի, ապա մենք ինչո՞ւ ենք ասում, որ մենք ունենք «Սեւանի մասին» օրենք եւ, իմիջիայլոց, օրենքի պահպանման համար Սեւանի ազգային պարկի գործունեության եւ միջոցառումների համար բավականին մեծ գումարներ են գնում բյուջեից», - ասաց Զարաֆյանը հինգշաբթի օրը կայացած ասուլիսում:

Բնապահպանի համոզմամբ` հանքավայրի շահագործման հետեւանքով շարքից դուրս են գալիս գյուղատնտեսական հողերը, ջրային աղբյուրները, անտառային տարածքները: Միակ ելքը, ըստ Ինգա Զառաֆյանի, վնասը գնահատելն է եւ ստիպելը, որ ընկերությունները փոխհատուցեն այն: Մինչդեռ փոխհատուցում չի նախատեսում նաեւ օրերս Ազգային ժողովում առաջին ընթեցմամբ ընդունված «Ընդերքի մասին» օրենսգիրքը:

«Ոչ մի նման կարգ մենք չունենք ոչ այդ օրենսգրքում, ոչ կառավարական որոշումներում: Ոչ մի բան: Աղտոտում ես, լավ ես անում: Փոխահատուցումը հենց այնպես չի արվում, եթե ընկերությունը պետք է մեծ գումար մուծի աղտոտվածության համար, ինքը երեւի ամեն ինչ կանի, որ աղտոտվածությունը չլինի եւ արդեն ուրիշ տեխնոլոգիա կօգտագործի, որպեսզի չաղտոտի, օրինակ, գետը», - ասաց բնապահպանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով` Հայաստանի ավելի քան 670 հանքավայրերից շահագործվում է շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական: Գերակշռողը հենց ոսկու հանքավայրերն են` թվով 14-ը:

«Հայաստանում ոսկու տենդ է», - ասում է Ինգա Զառաֆյանը` ընդգծելով, որ բնական ողջ հարստությունը մի քանի մարդկանց ձեռքում է, ովքեր միայն ձգտում են ավելացնել արտադրությունը, իսկ հանքավայրերին վերաբերում են որպես զավթիչներ:

«Էկոլուր»-ի ղեկավարի խոսքով` քանի որ Հայաստանում մաքուր ոսկի չի հանդիպում, հանքարդյունահանումից հետո թունավոր բաղադրիչները մնում են տարածքում: Բնապահպանը վկայակոչում է մասնագետների հաշվարկները, համաձայն որոնց միայն Աբովյանի եւ Հրազդանի երկաթի հանքավայրերի շահագործումը հանգեցնելու է Երեւանի խմելու ջրի 35 տոկոսի աղտոտմանը:

«Զարմանում եմ, թե ինչպես են այդ նախագծերը ստացել փորձաքննության դրական եզրակացություն, որովհետեւ նույնիսկ չինացիները, որոնք եկել եւ իրենց աչքերով տեսել են, թե որտեղ է այդ հանքը եւ ինչպես պետք է պայթեցնեն այն, տեսնելով, որ այնտեղ աղբյուրներ կան, զարմացել են: Բոլորը զարմանում են, բացի մեր պաշտոնյաներից», - ասաց Զարաֆյանը:

Նրա խոսքով` Արծվանիկի պոչամբարի մոտ Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում թունավոր տարրերի` այդ թվում սնդիկի պարունակությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Այս համայնքում գործարարներից մեկը կովեր է բուծում:

«Բայց քանի որ մարդիկ գիտեն, որ այդպիսի աղտոտվածություն կա, հարց են տվել եւ ինքը [բուծարանի սեփականատերը] հրապարակային ձեւով պատասխանել է` մեր կովեր չեն սնվում ոչ այդ խոտերով, որ աճում Սյունիք համայնքի տարածքում, ոչ էլ այդ ջուրն են խմում, մենք բերում ենք ուրիշ համայքներից: Պատկերացնո՞ւմ եք` կովերը էկոլոգիապես մաքուր ուտելիք են ստանում, իսկ այնտեղ ապրող մարդիկ, սնվում են սնդիկով», - ասաց բնապահպանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG