Մատչելիության հղումներ

Կառավարությունը ամեն ինչ կանի` երկրի նախագահի գլխավորությամբ, Ազգային ժողովն էլ ամեն ինչ կանի, որպեսզի արտագաղթի խնդրին լուծում տրվի: Այս մասին հինգշաբթի օրը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մի խումբ մտավորականներ օրերս Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին ուղղված բաց նամակում ահազանգել էին, որ «արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական ու ազգային աղետի»:

«Մտահոգիչ խնդիր է, մտահոգված ենք բոլորս, բայց պետք է փորձենք այդ խնդրին տալ լուծում: Առաջիկայում կկազմակերպենք լսումներ, եւ կփորձենք կառավարության հետ միասին ինչ-որ քայլեր կատարել, որպեսզի արտագաղթը դադարեցնենք: Չեմ կարծում, որ լիովին կհաջողվի, բայց ամեն ինչ պետք է անել դա կանխելու համար», - այս առնչությամբ ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ խնդրի լուծումը առաջին հերթին տեսնում է աշխատատեղերի ստեղծման մեջ:

«Արտագաղթը սոցիալական խնդիրների արտահայտումն է, եւ մենք պետք է փորձենք, մեր ամենօրյա աշխատանքը պետք է լինի, որպեսզի մարդկանց տանք աշխատելու հնարավորություն», - կարծիք հայտնեց Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների խնդրանքով Ազգային ժողովի խոսնակն անդրադարձավ նաեւ Հայ ազգային կոնգրես – իշխանություն երկխոսությանը` հիշեցնելով, թե ինքը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ազգային ժողովի ամբիոնը դարձնել «բազմակարծության ամբիոն»:

«Եվ ես կարծում եմ, որ հիմա այս ֆորմատը մեզ համար ընդունելի է` գնանք քննարկումների, երկխոսենք, լսենք, բարձրաձայնենք խնդիրները: Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության շուրջ պատրաստ ենք երկխոսելու», - երկխոսության վերաբերյալ ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG