Մատչելիության հղումներ

Ազգային պատկերասրահում բացվել է աննախադեպ ցուցահանդես


«Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսի բացմանը նախորդած մամուլի ասուլիսը:

«Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսի բացմանը նախորդած մամուլի ասուլիսը:

Հայաստանի ազգային պատկերասրահում հինգշաբթի օրը բացվեց «Դալին եւ սյուրռեալիստները» խորագիրը կրող աննախադեպ ցուցահանդես` Հայաստանում առաջին անգամ ներկայացնելով Սալվադոր Դալիի 120 աշխատանքներ, Հանս Բելմերի, Վասիլի Կանդինսկու եւ այլ հռչակավոր արվեստագետների վրձնին պատկանող տասնյակ գործեր Լոս Անջելեսում գործող «Արժիլե» պատկերասրահի հավաքածուից:

Անցյալ դարի 70-ականներին Դալիի ընկերոջ ու հրատարակչի` Պիեռ Արժիլեի հիմնադրած հավաքածուն պարունակում է շուրջ 800 աշխատանք: Այսօր հավաքածուն տնօրինում է նրա դուստրը` Քրիստին Արժիլեն, ում ամուսինը լիբանանահայ գեղանկարիչ Ժան Ղազանչյանն է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քրիստին Արժիլեն ասաց, որ ամուսնու մտահղացման եւ Լոս-Անջելեսում Հայաստանի հյուպատոսի ջանքերի շնորհիվ է իրանություն դարձել այս ցուցահանդեսը, որը Երեւանում կգործի երեք ամիս:

Արվեստաբան Շահեն Խաչատրյանը, չթաքցնելով հիացմունքն ու հպարտությունը, որ Երեւանում Դալիի ավելի քան հարյուր աշխատանքն է ցուցադրվում, ասաց. - «Նաեւ իրեն հետեւորդ եւ իրենց անհատականությանը հասած հայ նկարիչ սյուրռեալիստների գործերը»:

Անցած դարի 20-ականներին ձեւավորված սյուրռեալիզմին հարել են նաեւ հայ արվեստագետներ` Արշիլ Գորկին, Երվանդ Քոչարը, Լեւոն Թութունջյանը, Գառզուն, Լեւոն Մինասյանը, Սերգեյ Փարաջանովը, Հակոբ Հակոբյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը եւ այլք:

Ազգային պատկերասրահում այսօր զուգահեռաբար բացվել է նաեւ «Հայ նկարիչներն ու սյուրռեալիզմը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված բոլոր աշխատանքները, ըստ Շահեն Խաչատրյանի, ունեն ընդհանուր միտում` մարդկության կրած տառապանքի, ցավի, երազների ենթագիտակցական աշխարհն են տանում արվեստասերին:

«Դա ժողովրդի դառը կյանքի արտացոլանքն էր, որ զարմանալի կերպով ձեւափոխություններ ստացավ Դալիի արվեստում եւ բոլորովին նոր ուղղություն ստեղծվեց արվեստի պատմության մեջ», - նշեց արվեստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG