Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը հետաձգվում է


Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը
Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետաձգումը պայմանավորված չէ ադրբեջանական կողմի սպառնալիքներով: Պատճառը միայն տեխնիկական է: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Ըստ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, քաղաքացիական ավիացիայի ադրբեջանական պետական վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների միջպետական ավիացիոն կոմիտեն վկայական չի շնորհի Ստեփանակերտի օդանավակայանին:

Ղարաբաղում, սակայն, շտապում են ավարտին հասցնել օդանավակայանի շինարարական աշխատանքները` անուշադրության մատնելով Ադրբեջանի սպառնալիքները:

«Այս պահի դրությամբ մենք իրականացնում ենք լրացուցիչ աշխատանքներ թե՛ վազքուղու հետ կապված, թե՛ լրացուցիչ սարքավորումների ձեռքբերման, տեղադրման հետ կապված, քանի որ չենք թաքցնում, որ ուզում ենք այդ օդանավակայանը եւ այդ թռիչքները իրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան, հետեւաբար` ընդգծված պատասխանատվությամբ ենք մոտենում այդ աշխատանքների իրականացմանը», - օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս առնչությամբ ասաց Բակո Սահակյանը:

ԼՂ նախագահի խոսքով, տեխնիկական հարցերը լուծելուն պես կսկսվի Ստեփանակերտի օդանավակայանից չվերթների իրականացումը: Բակո Սահակյանը, սակայն, նշեց, որ առայժմ չի կարելի օդանավակայանի բացման կոնկրետ ամսաթիվ հրապարակել:

«Կուզենայի նշել, որ խոսքը գնում է ոչ թե միջազգային թռիչքների մասին, այլ Ստեփանակերտ – Երեւան, Երեւան – Ստեփանակերտ թռիչքների մասին: Հույս ունենք, որ ապագայում մենք կիրականացնենք նաեւ միջազգային թռիչքներ», - նաեւ ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Ամիսներ առաջ հայտարարվել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է այս տարվա մայիսի 9-ին:

Ստեփանակերտի օդանավակայանի բացման լուրը բուռն արձագանք էր գտել Ադրբեջանում: Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավարը հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները:

Ապրիլի կեսերին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը անորոշ ժամկետով հետաձգվում է:
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG