Մատչելիության հղումներ

«Մի օգտագործեք դելֆիններին որպես զվարճանքի միջոց», «Մի նպաստեք ծովային կենդանիների ոչնչացմանը», «Ոչ ենք ասում դելֆինների անհումանիստական շահարկմանը դելֆինարիայում», «Խնայեք դելֆիններին»: Այսպիսի կոչերով այսօր «Նեմո» դելֆինարիումի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել «Թռչնասերների կենտրոն» ու «էկո դար» հասարակական կազմակերպությունները:

Հուլիսի առաջին շաբաթը բանտարկված դելֆինների պաշտպանության համաշխարհային օրն է:

«Թռչնասերների կենտրոն» կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը նշում է, որ այս օրը Հայաստանում առաջին անգամ է նշվում. - «Այսօր մենք մեր բողոքի խոսքն ենք բարձրացնում եւ ասում ենք` ազատեք դելֆիններին, մենք չենք ուզում, որ մեր երկրում այս կենդանիներն ապրեն անազատության մեջ»:

«Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյան կիսում է այս մտահոգությունը. - «Դելֆինարիումը փոքր է դելֆինների համար: դելֆինները շահագործվում են օրվա մեջ մի քանի անգամ ներկայացնումներ իրականացնելու: Ավազանը խորություն չունի, ծովի ջուր չի, իսկ բնապահպանության նախարարությունը մինչեւ հիմա փորձաքննություն չի իրականացրել, որի համար էլ մենք դիմել ենք դատարան»:

Սակայն դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը համաձայն չէ ակցիայի կազմակերպիչների հետ: «Փորձաքննություն իրականացրել է բնապահպանության նախարարությունը եւ ասել են, որ ամեն ինչ նորմայի մեջ է: Իսկ բնապահպանները մեզ երբեք ինչ-որ հարցով չեն դիմել: Ես համացանցից տեղեկանում են, որ իբր դելֆինների ատամները ցավում են, իրենք ջերմում են: Մենք ունենք մասնագետներ, ովքեր զբաղվում են դելֆինների առողջությամբ եւ չեմ հասկանում, թե ինչու է իրենց մոտ ստեղծվել տպավորություն թե իրենք ավելի շատ են հետաքրքրվում դելֆինների առողջությամբ, քան մենք»:

Ամուսիններ Սերգեյն ու Եկատերինան եկել են Ուկրաինայից ու զբաղվում են դելֆինների խնամքով: Նրանք համոզված են, որ դելֆիններն այսօր լավ վիճակում են. - «Ինքներդ նայեք, թե դելֆիններն ինչ լավ տրամադրություն ունեն, խաղում են եւ ուրախանում: Բնապահպանության նախարարությունը եկել եւ ջրի փորձաքննություն է իրականացրել եւ ասել են, որ ամեն ինչ ճիշտ է»:

Դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանն ուղղակի խնդրում է «Թռչնասերների կենտրոնին» հանգիստ թողնել դելֆինարիումը. - «Անհոգ եղեք, մենք հոգ ենք տանում դելֆինների մասին, դուք ավելի լավ է բնապահպանական ավելի հրատապ խնդիրներով զբաղվեք»:

XS
SM
MD
LG