Մատչելիության հղումներ

ՀԲ-ն նախատեսում է Հայաստանին 200 միլիոն դոլարի նոր վարկային փաթեթ տրամադրել


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի եւ Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի համատեղ ասուլիսը
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի եւ Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի համատեղ ասուլիսը
Առաջիկա երկու տարիների համար Համաշխարհային բանկը նախատեսում է Հայաստանին տրամադրել 200 միլիոն դոլարի նոր վարկային փաթեթ, որը միտված կլինի տնտեսական աճի պահպանմանն ու խոցելի խմբերի կարիքները հոգալուն: Այս մասին այսօր Երեւանում հայտարարեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին` Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Հատկացվելիք միջոցների մեծ մասն ուղղվելու է սոցիալական ծառայություններին եւ ենթակառուցվածքային ծրագրերին:

Նախօրեին Համաշխարհային բանկի խումբը ներկայացրել է Հայաստանի հետ 2009-2013 թվականներին երկրի գործընկերության ռազմավարության ընթացիկ զեկույցը: Այդ ռազմավարությունը, ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի, պատրաստվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում եւ ունի երկու հիմնական ուղղվածություն` խոցելիության մեղմում եւ միջնաժամկետ մրցունակության ամրապնդում` տնտեսության հետճգնաժամային վերականգնման եւ աճի նպատակով:

Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի համագործակցությունը գնահատելով շատ ամուր` Ժան-Միշել Հապին, մասնավորապես, նշեց, թե միջազգային զարգացման ասոցիացիայի առաջադրած չափանիշներով Հայաստանը միանգամայն իրավասու է փոխառություններ վերցնել:

Դրամական նոր միջոցները տրամադրվում են ըստ տվյալ երկրի կատարողական ցուցանիշների վրա հիմնված վարկանիշի, իսկ Հայաստանը, ՀԲ ներկայացուցչի խոսքերով, ի հեճուկս ճգնաժամի պատճառով տնտեսության առջեւ կանգնած մարտահրավերների, միջազգային զարգացման ասոցիացիայի դիտարկած 72 երկրների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը:

«Դա արդյունք է տնտեսական շատ հզոր քաղաքականության եւ հաստատությունների բարեփոխումների», - այսօրվա ասուլիսին հայտարարեց Ժան-Միշել Հապին:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով «Ֆորբս» ամսագրի հետազոտությունը, ըստ որի աշխարհի 10 վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկում Հայաստանը հայտնվել է 2-րդ տեղում, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, մասնավորապես, նշեց. - «Ես չեմ ուզում ասել, որ «Ֆորբսի» գրածը իրականության հետ բացարձակապես կապ չունի եւ մենք 15 տոկոսանոց նվազում չենք ունեցել, կամ Հայաստանի տնտեսությունում գնաճ չկա: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ դա խիստ ակնթարթային գնահատական է, որը արդեն նմանատիպ չի կարող լինել եկող տարի»:

Իսկ այդ վիճակը չի կրկնվի, որովհետեւ գնաճի նվազման եւ տնտեսական աճի ակնհայտ միտում ունենք, շարունակեց նախարարն ու ամփոփեց. - «Ուզում եմ ասել, որ հատվածային գնահատական է` ամբողջովին պայմանավորված 2009 թվականով: Այս առումով առանձնապես խորը ուշադրություն չէի դարձնի, որպես վերջնական եւ կայուն ախտորոշում, այլ կնայեի դրան որպես մեր մարտահրավերների ցուցանիշ, մեր խնդիրների առարկայացած արձանագրում, որը մենք պետք է լուծենք, եւ կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որպեսզի լուծենք»:

Հարցին գրեթե նույն պատասխանը տվեց նաեւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին` նշելով, որ տնտեսական ցուցանիշներով Հայաստանը ակնհայտորեն վատագույն երկիրը չէ:

«Իհարկե, այս տարիներին իսկապես գրանցվել է բարձր սղաճ` գրեթե 10 տոկոսի հասնող, իհարկե, ներմուծման ծավալները կրկնակի գերազանցել են արտահանման ծավալները, բայց ինչպես շատ ճիշտ նշեց պարոն նախարարը` «Ֆորբսը» տվել է ընդամենը ակնթարթային գնահատական: Ճգնաժամի իրական պատճառներից է եղել նաեւ վատ եղանակով պայմանավորված` գյուղատնտեսական ոլորտի անկումը, բայց նշեմ, որ այս տարի կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի իջեցնել սղաճն ու շտկել մյուս ցուցանիշները», - ասաց Ժան-Միշել Հապին` հավելելով, որ Կենտրոնական բանկի այս տարվա կանխատեսած 6.5 տոկոս սղաճի ցուցանիշը Համաշխարհային բանկը համարում է իրատեսական:
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG