Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի հարցը Սենատի հանձնաժողովը կքննարկի հուլիսի 13-ին


Ջոն Հեֆերն
Ջոն Հեֆերն
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնի նշանակման հարցը կքննարկի հուլիսի 13-ին կայանալիք լսումներում: Այդ մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Սենատի հանձնաժողովի բոլոր անդամներին կոչ է արել մասնակցել լսումներին` հավաստիանալու այդ կարեւոր դիվանագիտական պաշտոնին Հեֆերնի համապատասխանության հարցում:

«Լիահույս ենք, որ սենատորները նաեւ կօգտվեն այս լսումների ընձեռած հնարավորությունից` պարզաբանումներ պահանջելու Կովկասյան տարածաշրջանին առնչվող արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ Օբամայի վարչակազմի դիրքորոշման մասին: Դրանց թվում են, անշուշտ, Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտացի եւ արդարացի լուծումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի` ժողովրդավարության ու ինքնորոշման վրա հիմնված ազատ եւ արդարացի կարգավորումը, ԱՄՆ - Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացումը նպատակային ծրագրերի եւ առեւտուրն ու ներդրումները ընդլայնելու երկկողմ համաձայնությունների միջոցով», - հայտարարել է Համբարյանը:

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբամայի վարչակազմը առաջադրել է այս տարվա մայիսին: Սենատի կողմից հաստատվելու դեպքում Հեֆերնը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, ով վերադարձել է Երեւանից` պաշտոնավարելու որպես ԱՄՆ-ի պետքարտուղարի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG