Մատչելիության հղումներ

Հուլիսի 7-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ընտրակեղծարարության լինել-չլինելը պայմանավորված է նրանով, թե տվյալ երկրում քանի քաղաքացի կա, որ պատրաստ է չհանդուրժել այդ երեւույթը, եւ քանի քաղաքացի կա, որ պատրաստ է հանդուրժել: Նրանք, ովքեր պատրաստ են չհանդուրժել, ի՞նչ աստիճանի չհանդուրժողականությամբ են օժտված այդ երեւույթի նկատմամբ, նրանք, ովքեր պատրաստ են հանդուրժել, որքա՞ն կարող են հանդուրժել: Որեւէ իշխանավոր չի կարող ընտրություն կեղծել: Եթե նա կեղծելու մտադրություն ունի, նախ կեղծարարների բանակ է բուծում, սնում, բտում, չաղացնում, լկտիացնում ու բաց թողնում ընտրական ցուցակների, ընտրողների, տեղամասերի վրա: Նման մարդիկ հազարներով են հաշվվում, բայց նրանք Բուրկինա Ֆասոյից չեն ներմուծվել: Դրանք Հայաստանի քաղաքացի են, հեր ունեն, մեր ունեն, քույր, եղբայր, ընկեր, ծանոթ, հորքուր, մորքուր, հարեւան: Եվ կեղծարարությունից չեն խուսափում, որովհետեւ գիտեն` իրենց հայրը, մայրը, քույրը, եղբայրը, ընկերը, ծանոթը, հորքուրը, մորքուրը, հարեւանը եթե չքաջալերեն, գոնե կհանդուրժեն իր այդ պահվածքը, գործելակերպը: Համենայնդեպս, չեն թքի երեսին»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Արարատում եւ Արտաշատում հուլիսի 3-ին կայացած քաղաքապետի ընտրությունների ընթացքը, ամփոփված արդյունքները վկայում են, որ դրանք որակապես ոչնչով չեն տարբերվել նախորդ 16 տարիներին անցկացված ընտրություններից: Մինչդեռ ԵԽԽՎ-ում հանրապետության նախագահը հպարտորեն հայտարարում էր, թե Հայաստանի իշխանությունները միանշանակ կարեւորում են արդար եւ թափանցիկ ընտրությունների դերը պետականության հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հասարակության հավատը: Վստահություն չեն ներշնչում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կրկին անգամ փորձ է արվում այլ ճանապարհներով ընդգրկել այն մարդկանց, որոնք ոչ միայն ոչինչ չեն արել` ավելացնելու համար հավատը ազատ, արդար ընտրություններ անցկացնելու` նույնիսկ հնարավորության նկատմամբ, այլեւ իրենք են ժողովրդի մեջ այդ հավատը սպանելու պատասխանատուները»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Ստացվել է մի իրավիճակ, երբ Ղարաբաղը պետք է նոր արտգործնախարար ունենա: Նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի կազմ, ինչը նշանակում է, որ նա պետք է հրաժարվի իր պաշտոնից: Ո՞վ կլինի ԼՂՀ նոր արտգործնախարարը: Ասել, թե դա մի շատ կարևոր պաշտոն է, երևի թե չափազանցություն կլինի: Բայց դա, իհարկե, կարող է դառնալ շատ կարեւոր պաշտոն, եթե փոխվի Լեռնային Ղարաբաղի քաղաքականությունը գլոբալ իմաստով եւ դրվեն առավել լուրջ խնդիրներ: Այդ առումով, թերեւս, առաջացել է մի պահ, որը կարող է որոշակիորեն շրջադարձային լինել Ղարաբաղի եւ Հայաստանի համար: Օրինակ, այդպիսին կլինի, ասենք, այն դեպքը, երբ Ղարաբաղի արտգործնախարար նշանակվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ ինչո՞ւ ոչ: Ներկայումս սրությամբ, կամ հրատապությամբ դրվում է Ղարաբաղի այսպես ասած ինքնուրույն բանակցային քաղաքականության, բանակցային կողմ լինելու հարցը: Ռոբերտ Քոչարյանի նշանակումն այս տեսանկյունից կլինի նաեւ խոհրդանշական: Չէ որ Ղարաբաղից նրա Հայաստան գալով ի վերջո Ղարաբաղը աստիճանաբար կորցրեց բանակցային իր սուբյեկտությունը, իսկ Ղարաբաղը ներկայացնելու ֆունկցիան իր վրա վերցրեց Քոչարյանը»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, ով պատերազմական տարիների վերհուշերին տրվելով` խոստովանում է. - «Վախը մինչեւ հիմա մեջս է, իր հետքը թողել է: Ամբողջ պատերազմի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները մնացին Արցախում: Վտանգավոր էր, բայց մենք հասկանում էինք, որ օրինակ ենք: Պատահում էր` մարդկանց մեջ կասկած էր մտնում եւ այն ցրելու համար ուղղակի վտանգը գլխներիս, երեխաներին վերցնում, քայլում էինք փողոցում, որ մարդիկ տեսնեն, համոզվեն եւ չմտածեն պարտվելու մասին: Իհարկե, ահավոր էր դա, թշնամու կրակահերթը կարող էր հանկարծակի սկսվել, բայց մարդիկ պիտի տեսնեին, որ մենք էլ, մեր երեխաներն էլ իրենց հետ նույն կրակի տակ ենք»: Թղթակիցը հետաքրքրվել է նաեւ, թե ինչպես է վերաբերվում առաջին տիկինը մեր մեջ առկա տեղատարածքային, հատվածային մտածողությանը` ապարանցի-գյումրեցի-լոռեցի-ղարաբաղցի: «Մեր ժողովրդի բոլոր դժբախտությունները սկսվում են հենց այս մտածողությունից», - պատասխանել է Ռիտա Սարգսյանը: - «Սիրում եմ Արցախը` ծննդավայրս, բայց եթե ինձ հարցնում են` դուք որտեղացի եք, պատասխանում եմ` ես հայաստանցի եմ: Չեմ ուզում, որ ծննդավայրս քաղաքական սպեկուլյացիայի առարկա դառնա»:

«Հետք» շաբաթաթերթը տեղեկացնում է. - «Ազգային ժողովի 2010 թվականի աշնանային նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը այդ օրը չի մասնակցել նստաշրջանին: Նա այդ օրը Մոսկվայում մասնակցում էր մոդել, հեռուստահաղորդավարուհի, Hello! եւ Icons ամսագրերի գլխավոր խմբագիր Սվետլանա Բոնդարչուկի կազմակերպած «Goodbye Summer» անվանումով փարթիին: 2010 թվականի աշնանային նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել 183 քվեարկություն: Տիգրան Արզաքանցյանը ոչ մի քվեարկության չի մասնակցել եւ Ազգային ժողովի աշխատակազմ է ներկայացրել անաշխատունակության թերթիկ: Մի փաստի վրա էլ արժե ուշադրություն դարձնել. Տիգրան Արզաքանցյանի եւ ֆոտոմոդելի լուսանկարի ներքեւում արված է հետեւյալ մակագրությունը Светлана Бондарчук и Тигран Арзаканцян (“Царь Тигран”)»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG