Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է Վրաստանի իշխանությունների որոշումը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է Վրաստանում հայկական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ տալու` վրացական իշխանությունների որոշումը:

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի օրը արագացված կարգով երկրորդ, երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան փոփոխությունները, որոնցով նախատեսվում է իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը, սա սպասված քայլ էր, նաեւ` Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունք:

«Սա մի գործընթաց էր, որը արդյունքն էր նաեւ պայմանավորվածության, որը ձեռք բերվեց Վրաստան հունիս ամսին Ամենայն Հայոց կաթողիկոսի կատարած հովվապետական այցի ընթացքում, երբ հանդիպում տեղի ունեցավ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Այս առումով, անշուշտ, սպասվող քայլ էր, վրաց իշխանություններն այն ձեռնարկեցին, որովհետեւ հասունացել էր պահը», - ասաց Վահրամ քահանա Մելիքյանը` հավելելով. - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի նախագահին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքին ընդառաջելու եւ խնդրին լուծում տալու համար»:

Վրաց ուղղափառ եկեղեցին ընդդիմանում էր օրենսդրական փոփոխություններին դրանց ընդունումից առաջ եւ շարունակում է ընդդիմանալ: Երեքշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ Վրաստանի պատրիարքարանն ընդգծում է, որ այդ փոփոխությունների բացասական հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է երկրի իշխանությունների վրա, եւ համոզմունք հայտնում, թե օրենքը «հակասում է ինչպես Վրաց եկեղեցու, այնպես էլ՝ պետության շահերին, եւ դրա բացասական հետեւանքներն ակնհայտ են լինելու շատ շուտով»:

Վահրամ քահանա Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վրաց ուղղափառ եկեղեցու այս դիրքորոշումը ոչ թե Հայ Առաքելական եկեղեցուն է ուղղված, այլ զանազան կրոնական հոսանքներին ու կազմակերպություններին:

Ըստ վրացական լրատվամիջոցների` օրենսդրական փոփոխություններով նախատեսված է իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել ինչպես «Վրաստանի հետ սերտ պատմական կապեր ունեցող» 5 կրոնական կազմակերպություններին՝ Հայ Առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդականներին, հրեական համայնքին, Բապտիստական եկեղեցուն, այնպես էլ երկրում գործող բոլոր այն կրոնական հոսանքներին, որոնք «նման կարգավիճակ ունեն Եվրախորհրդի անդամ երկրներում»:

«Պատրիարքը, ակնհայտ է, որ մտահոգություն ունի այլ կրոնական
կազմակերպություններին հետագայում գրանցելու առնչությամբ: Կարծում եմ, այդ մտահոգությունից դրդված է, որ կատարվում են հայտարարությունները», - ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն:

Ըստ վրացական լրատվամիջոցների` օրենքի ընդունման դեմ Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր հակափաստարկներից մեկն էլ այն էր, որ շտապել պետք չէ, օրենքը պետք է ընդունվի հարեւան երկրներում զուգահեռաբար Վրաց ուղղափառ եկեղեցուն նմանատիպ կարգավիճակ տրամադրելու դեպքում:

Ըստ Civil.ge ինտերնետային պարբերականի` կոնկրետ շեշտը դրվել է Հայաստանի վրա:

Վահրամ քահանա Մելիքյանը փոխանցեց, որ իրենց համար «անհասկանալի են նման հայտարարությունները», քանի որ վրացական եկեղեցու համար Հայաստանում գրանցվելու որեւէ խոչընդոտ ստեղծված չէ:

«Այդ հարցը բազմիցս վրացական կողմը բարձրաձայնեց՝ նաեւ Վեհափառի Վրաստանում գտնվելու շրջանում, սակայն Ամենայն Հայոց կաթողիկոսը իր հրապարակային ելույթներում հայտարարել է, որ Վրաց եկեղեցին, վրաց ուղղափառ համայնքը որեւէ խնդիր չունեն Հայաստանում գրանցվելու առնչությամբ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության օրենքը բոլոր պայմանները եւ հնարավորություններն ընձեռում է: Վեհափառ հայրապետը եւս, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց օժանդակելու, զորակցելու, որպեսզի անհրաժեշտ քայլերը ձեռնարկվեն եւ գրանցումը տեղի ունենա», - նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն` շարունակելով. - «Այդ առնչությամբ որեւէ խնդիր չի եղել, հավաստիացումները տրվել են։ Որեւէ խնդիր Վրաց եկեղեցին չունի, եւ մեզ համար անհասկանալի են նման պայմանականություններ առաջ բերող հայտարարությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG