Մատչելիության հղումներ

Գանձասարի վանական համալիրում «ապօրինի» շինարարություն է իրականացվում


Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում գտնվող 13-րդ դարի Գանձասարի վանական համալիրում «ապօրինի շինարարություն» է իրականացվում: Այս մասին ահազանգում է Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության վարչությունը:

Մոսկվաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանը, ով մոտ 10 տարի առաջ վերանորոգել էր Գանձասարի վանական համալիրը եւ այնտեղ տանող ճանապարհը, ամիսներ առաջ էլ դիմել էր Արցախի հոգեւոր թեմի առաջնորդին` տեղեկացնելով, որ ցանկություն ունի Գանձասարի համալիրի պարիսպները սալիկապատել: Արցախի թեմի առաջնորդարանը նամակը փոխանցել է զբոսաշրջության վարչությանը, որպեսզի վերջինս, որպես իրավասու մարմին, որոշում կայացնի:

«Նամակ ստացանք Արցախի հոգեւոր թեմից, որ ցանկություն է առաջացել մարմարե սալիկներով երեսապատել պարիսպները: Օրենքով դա արգելվում է, քանի որ դա աղճատում է հուշարձանի նախնական տեսքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը` նշելով, որ իր գլխավորած վարչությունը արգելել է շինարարություն իրականացնել:

Այսօր Գանձասարի համալիրում շինարարությունը շարունակվում էր: Շինարարությունը իրականացնող ընկերությունը` «Աթա Վանք Լես» կազմակերպության գործադիր տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, ով ի դեպ` Լեւոն Հայրապետյանի հարազատ եղբայրն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք ընդամենը նպատակ ունեն բարեկարգել պարիսպը:

«Պարիսպը սարքվել է 1980 թվականին` նույն վանքի քարերից: Մենք ուզեցել ենք ավելի գեղեցկացնել մեր վանքը: Պարիսպը ինքը իրենից սիրուն չէ եւ հնություն չէ», - կարծիք հայտնեց Վլադիմիր Հայրապետյանը:

«Ազատություն» ռադիոկայանին չհաջողվեց կապ հաստատել Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ` հարցի առնչությամբ հոգեւոր թեմի տեսակետը իմանալու նպատակով:

Նշենք, որ այս հարցը երեկվանից բուռն քննարկումների թեմա է դարձել Facebook սոցիալական ցանցում, իսկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է արել մոսկվաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանին «շտապ կասեցնել Գանձասարում իրականացվող վանդալիզմը, ինչպես նաեւ զգուշորեն հեռացնել այդ անճաշակ մարմարե սալիկները` վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը»:
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG