Մատչելիության հղումներ

«Ֆորբս» ամսագիրը արձանագրել է Հայաստանի տնտեսության իրական վիճակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ամսագրի աշխարհի վատագույն տնտեսությունների վերաբերյալ հրապարակմանը ծանոթացած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է աշխարհի 10 վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկը, որտեղ Հայաստանը հայտնվել է 2-րդ տեղում` Մադագասկարից հետո:

Վահագն Խաչատրյանի գնահատմամբ` նման վատ ցուցանիշի հասցրել է վերջին տարիներին Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունը:

«Իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը, որը միտված չէ մոնոպոլիաների, օլիգարխիայի դեմ պայքարին, միտված չէ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, պիտի բերեր սրան: Նույնիսկ այն երկնիշ տնտեսական աճը, որի մասին շատ են սիրում բարձրախոսել, գովաբանել, ապագային միտված որեւէ տնտեսական հիմք չուներ: Ուղղակի ժամանակի ընթացքում ռեսուրսների սպառում էր շատ ինտենսիվ ձեւով», - ասաց Խաչատրյանը:

«Ֆորբս»-ը իր ուսումնասիրության մեջ մի քանի ցուցանիշներ է հաշվի առել, մասնավորապես, տվյալ երկրի համախառն ներքին արդյունքի աճը, գնաճը Արժույթի միջազգային հիմնադրամի 2012 թվականի գնահատականներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ինդեքսը եւ առեւտրային բալանսը: Հայաստանն այս ուսումնասիրության մեջ նկարագրվում է իբրեւ մի երկիր, որը 2009-ին արձանագրել է տնտեսության ծավալների 15 տոկոսանոց անկում: Նշվում է, որ երկիրը ելք չունի դեպի ծով, մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից եւ Իրանից իրականացվող էներգակիրների ներմուծումից, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ինդեքսը կազմում է 3000 դոլար, ինչը հարեւան Թուրքիայի նույն ինդեքսի 1.2 մասն է կազմում, իսկ սղաճը 7 տոկոս է: «Ֆորբս»-ը նաեւ գրել է, թե Ռուսաստանը կրճատել է ադամանդի առաքումները Հայաստան` վնաս հասնելով Հայաստանի երբեմնի ծաղկող ադամանդագործության ոլորտին:

«Իրականում ներմուծման ծավալները երեք անգամ գերազանցում են արտահանման ծավալներին: Սա նշանակում է, որ մենք աշխատում ենք այլ երկրների տնտեսությունները զարգացնելու համար, եւ այս պայմաններում արդեն հասկանալի էր, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մի ցանկություն ունեն` ունենալ ներմուծման մենաշնորհային բիզնես եւ դրանով հարստանալ: Թե երկրի ներսում ինչ կկատարվի, ոչ մեկին չէր հետաքրքրում», - ասում է Խաչատրյանը:

Ամսագրի հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ Հայաստանում մի քանի տարի առաջ «թափ առած» շինարարական բումի մասին: Պաշտոնական վիճակագրության համաձայն` այդ տարիներին Հայաստանում երկնիշ տնտեսական աճի 30 տոկոսն ապահովվում էր շինարարության ծավալների հաշվին: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները բազմիցս նշել են, որ տնտեսության նման կառուցվածքը չի նպաստում երկրի զարգացմանը:

Վահագն Խաչատրյանը կարծում է, որ տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացվի, մեկ ճյուղից կախված չլինի:

«Հայաստանը դարձել էր «սեւ փողերի» լվացքատուն, եւ դրա հիմնական գործունեությունը կատարվում էր շինարարության մեջ, դրանով էր պայմանավորված շինարարության աճը: Հիմա քանի որ այդ գումարները չեն գալիս, ինչպես նաեւ շատ խստացվել է այդ գումարների փոխանցումների նկատմամբ վերահսկողությունը, սեւ փողեր չեն մտնում, շինարարությունը կանգնեց, բացի այդ շինարարության նկատմամբ ներքին պահանջ չկա», - ասաց տնտեսագետը:

Ըստ Խաչատրյանի` այս պայմաններում Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ:

«Մեր կյանքը թանկացավ, քաղաքացիների ներքին եկամուտները չավելացան, եւ այսպիսի մեծ բեւեռացում առաջացավ: Կան ապրանքներ, բարձր գներ եւ կան ցածր աշխատավարձեր եւ նպաստներ, եւ այս պայմաններով Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ: «Առաջ, Հայաստան» լոզունգի արդյունք է սա, որովհետեւ դա միայն լոզունգ էր, որեւէ հիմք չուներ», - ասաց տնտեսագետը:

10 վատագույն տնտեսություններ ունեցող պետությունների ցանկում ԱՊՀ երկրներից հայտնվել են նաեւ Ուկրաինան եւ Ղրղըզստանը: Այս ցանկում ընդգրկված են նաեւ Գվինեան, Ջամայկան, Վենեսուալան, Նիկարագուան, ցուցակը եզրափակում է Իրանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG