Մատչելիության հղումներ

logo-print

Հայտնի է դարձել Թուրքիայի նոր կառավարության կազմը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դիմում է իր կուսակիցներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դիմում է իր կուսակիցներին

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հաստատել է երկրի նոր` 61-րդ կառավարության կազմը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նախագահին նախարարների նոր կաբինետի կազմը ներկայացրել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ էրդողանը, ինչպես եւ կանխատեսվում էր, համոզիչ հաղթանակ տարավ հունիսի 12 –ին կայացած խորհրդարանական ընտրություններում: էրդողանի կուսակցությունը 550 տեղանոց խորհրդարանում ստացավ 326 մանդատ, ինչը հնարավորություն է տալիս միայնակ ձեւավորել կառավարությունը:

Նոր կաբինետը բաղկացած է 26 անդամներից` վարչապետը, 4 փոխվարչապետները եւ 21 նախարարները: Առանցքային նախարարները մնացել են կառավարության կազմում, մասնավորապես` պաշտոնը պահպանել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Թուրքիայի «Զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության գաղափարախոսն է:

Թուրքիայի կառավարության կազմում նոր նախարարություն է ստեղծվել` Եվրամիության նախարարությունը, որի ղեկավարությունը ստանձնել է Էգեմեն Բաղիշը, ով մինչ այդ Եվրամիության հետ գլխավոր բանակցողն էր:

«Մեր կառավարության ծրագիրը կենտրոնանալու է նոր սահմանադրության, ժողովրդավարության զարգացման, հիմնարար իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ տնտեսության վրա», - ասել է Էրդողանը լրագրողներին: Նա նաեւ ասել է, որ իր կառավարությունը քայլեր է կատարելու հատկապես բնակչության սոցիալական բարեկեցությունը բարելավելու ուղղությամբ:

Կառավարության ծրագիրը խորհրդարանում կքննարկվի ուրբաթ օրը, իսկ կառավարությանը վստահություն քվե պատգամավորները կհայտնեն հաջորդ շաբաթ:

Ընդդիմությունը շարունակում է բոյկոտել պառլամենտի աշխատանքը` պահանջելով ազատ արձակել իրենց բանտարկված կուսակիցներին, ովքեր մեղադրվում են ահաբեկչության եւ իշխանությունը տապալելու փորձերին մեղսակից լինելու մեջ:

Վարչապետ Էրդողանն իր հերթին այսօր քննադատել է ընդդիմադիր կուսակցություններին` իրենց պարտականությունները չկատարելու համար, իսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Էլիթաշը զգուշացրել է, որ ընդդիմադիրները կարող են կորցնել իրենց մանդատները, եթե մինչեւ հուլիսի 15-ը չստանձնեն պատգամավորի իրենց պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG