Մատչելիության հղումներ

Առայժմ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել այնպիսի ջերմաստիճան, որի պայմաններում հնարավոր չլինի կամ չթույլատրվի աշխատելը:

«Սա միայն խնդիր է առաջացնում այն աշխատողների համար, որոնք անմիջապես կարող է գտնվեն արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ, եւ այստեղ հնարավոր է սիրտանոթային համակարգի որոշակի խաթարում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը: - «Ժամը 12-ից 17-ի սահմաններում բավականին բարձրանում է ջերմաստիճանը, եւ հնարավոր է, որ այս դեպքերում հաշվի առնվի այդ ժամանակահատվածը: Ուղղակի Հայաստանի պայմաններում այդպիսի ջերմաստիճան չի արձանագրվել, որ մենք [աշխատողներին լրացուցիչ ընդմիջումներ տրամադրելու] առաջարկությամբ հանդես գանք»:

Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է, որ «հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում»:

Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօթերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հուլիսի 8-ին` 39 աստիճան:

«Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում 1-ից 3 աստիճանով: Ամենաշոգ օրերը 7-ը, 8-ը, 9-ը կլինեն», - զգուշացրեց Զարուհի Պետրոսյանը:

Այն ժամերին` 12-17-ը, երբ առողջապահության նախարարության ներկայացուցիչը խորհուրդ չի տալիս դրսում գտնվել, արեւի ճառագայթների տակ, առանց ընդմիջումների եւ հատուկ պայմանների, աշխատում են վարորդները, շինարարները, քաղաքի կանաչապատմամբ զբաղվող մասնագետները: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք ասացին, որ աշխատանքի են դուրս գալիս առավոտյան ժամը 9-ից ու դրսում մնում մինչև երեկոյան 6-ը:

Ջերմաստիճանը «պաշտոնապես» 40 աստիճանի դեռ չի հասնի, հետեւաբար, աշխատողներն էլ լրացուցիչ ընդմիջումներ չեն ստանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG