Մատչելիության հղումներ

logo-print
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը սկսվեց անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ 69-ամյա ամերիկահայ գործարարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որ կատարվել են անչափահասի նկատմամբ, եւ նույն հոդվածի 3-րդ մասով` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որ կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով):

Սերոբ Տեր-Պողոսյանը թեեւ դատարանի շենքում էր, սակայն դատարանի դահլիճ չցանկացավ գալ, քանի որ այնտեղ էին լրատվամիջոցների ներկայացուցիչները: Դատավոր Մուշեղ Հարությունյանը բավարարեց նրա պահանջը, եւ դատական նիստը շարունակվեց փակ դռների հետեւում:

«Ես գործը դատաքննության նշանակելու որոշման մեջ սահմանել եմ, որ դատաքննությունը պետք է անցկացվի դռնփակ դատական նիստում` ելնելով Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների առկայությամբ: Գործի քննության այս փուլը հնարավոր չէ առանց ամբաստանյալի մասնակցության անցկացնել», - ասաց դատավորը:

Դատարանի դահլիճում ներկա էր մեկ տուժող, սակայն նրա անունը չի հրապարակվում:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 21-ը, որպեսզի Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը եւ Գիվի Հովհաննիսյանը ծանոթանան գործի նյութերին:

Այսօր դատարանի շենքի առջեւ խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները` մանկապղծությունը դատապարտող եւ դատական արդար որոշում պահանջող բովանդակությամբ պաստառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG