Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է «ԳեոՊրոՄայնինգ»-ի նոր ֆաբրիկայի հիմնարկեքը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Նախագահը այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նոր` «Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013 թվականին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ արտադրական գործընթացին:

Նախագահին ներկայացվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրումն ուղղված է ձեռնարկության արտադրական արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես` նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Զեկուցվել է, որ արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը եւ «Էքստրատա» ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնը ստորագրել են համաձայնագիր` «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիան Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային տրամադրելու վերաբերյալ, այնուհետեւ տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը:

Աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Արարատի մարզպետարանում մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG