Մատչելիության հղումներ

logo-print

9-ամյա Արաքսին միակն է, որ այս տարի բավարարեց «Կենգուրու» մաթեմատիկական խաղ-մրցույթի պահանջներն ու դարձավ 2011–ի միակ հաղթողը:

Արաքսին ընտանիքի ավագ զավակն է, իր ծնողների ու երկու քույրերի հետ բնակվում է Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում եւ սովորում տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում:

Արաքսին խոստովանում է, որ մրցույթից առաջ մի փոքր հուզված էր, բայց մրցույթն իր համար դժվար չէր, քանի որ լավ նախապատրաստվել էր:

«Այբ» կրթական հիմնադրամի ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը նշում է. - «Արաքսին իր համար նախատեսված 24 խնդիրներից միայն մեկը չէր լուծել, բայց մրցույթի կարգի համաձայն կազմակերպիչները պետք է հանդիպեն հաղթողի շեմը հաղթահարած մասնակիցների հետ: Հանդիպման ժամանակ Արաքսիին տրվեցին տարբեր խնդիրներ, այդ թվում` եւ այն խնդիրը, որը նա չէր լուծել: Կարճ ժամանակում բոլոր հարցերին նա պատասխանել էր, խնդիրներն էլ լուծել»:

Այս տարի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ - մրցույթը Հայաստանում տեղի է ունեցել երրորդ անգամ` Կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո: Մարտի 17-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 13 դպրոցների մասնակից աշակերտները նույն ժամին մասնակցել են մրցույթին:

«Մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 36 672», - նշում է Շուշան Կարապետյանը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 21-31-ը: Բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցույց տված երեխաները արժանանում են նաև պատվոգրերի ու մրցանակների: Իսկ մրցույթի հաղթողները ստանում են գլխավոր մրցանակ:

«Միջազգային ճամբարների ուղեգիրը գլխավոր մրցանակներից մեկն է: Միջազգային ճամբարներին կարող են մասնակցել 12 տարին լրացած հաղթող մասնակիցները, ովքեր ունեն անգլերենի բավարար իմացություն: Արաքսին 9-ը տարեկան է, նա այս տարի ճամբար չի կարող մեկնել, իսկ 3 տարի հետո, եթե նորից մասնկացի ու հաղթի, մենք իրեն սիրով կտանենք: Բայց փոխարենը նա դպրոցական հանրագիտարանի երկհատորյակն է ստացել, բացի այն մրցանակներից , որ լավագույն մասնակիցները ստացել են, և նոթ բուք»,- նշում է Շուշան Կարապետյանը:

«Կենգուրուն» սկիզբ է առել 1980-ականների սկզբին Ավստրալիայում: Այն սկզբում խաղ էր դպրոցական երեխաների համար, որը նպաստում էր մաթեմատիկայի զարգացմանը: Խաղը հետաքրքիր էր նրանով, որ թեստային էր, մատչելի էր տարբեր առաջադիմություն ունեցող երեխաների համար եւ անցկացվում էր բոլոր դպրոցներում միաժամանակ: 1991 թվականին ֆրանսիացի երկու ուսուցիչներ մրցույթը տեղափոխեցին Ֆրանսիա եւ անվանեցին «Կենգուրու»` այսպիսով երախտագիտություն հայտնելով կենգուրուների երկրի`Ավստրալիայի իրենց գործընկերներին:

2008 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Այբ» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր` «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում կազմակերպելու նպատակով:

Շուշան Կարապետյանը նշում է, որ «Կենգուրուն» հնարավորություն է տալիս երեխաներին բացահայտել իրենց ընդունակաությունները, զարգացնել մտահորիզոնը, լուծումներ գտնել, տարբերակներ մշակել»:

«Կենգուրու»-ին կարող են մասնակցել 3-1-րդ դասարանի բոլոր աշակերտները` անկախ առաջադիմությունից:

«Անցյալ տարվանից կազմակերպում ենք «Կենգուրու»-ի կրտսեր եղբայր համարվող «Ռուսական արջուկ» միջազգային մրցույթը, որը կանցկացվի նաեւ այս տարվա նոյեմբերին: Կլինեն նաեւ նոր մրցույթներ: Դա նաեւ երեխաների պահանջն է», - նշեց Կարապետյանը:


XS
SM
MD
LG