Մատչելիության հղումներ

Բաղդասարով. «Ճգնաժամը լրջորեն խփում է բոլորին»


Միխայիլ Բաղդասարով
Միխայիլ Բաղդասարով
Հայտնի գործարար, «Արմավիա» եւ «Միկա քորփորեյշն» ընկերությունների սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի ներկայացմամբ, տնտեսական ճգնաժամը Հայաստանում չի ավարտվել, իսկ ճգնաժամի գագաթնակետն էլ սպասվում է 2013 թվականին:

«Չեմ կարծում, որ այսօր ողջ աշխարհում գոյություն ունեցող [տնտեսական] ճգնաժամը Հայաստանին չի առնչվում: Ուղղակի ոմանք ասում են, թե ճգնաժամ չկա, դա ճիշտ չէ: Ճգնաժամը շատ լրջորեն խփում է բոլորին», - ասաց Բաղդասարովը չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում եւ հավելեց. - «Դե…, մեզ մոտ ի սկզբանե ասում էին, որ ճգնաժամ չի լինի, իսկ հիմա արդեն ասում են` «ավարտվել է»: Ես կարծում եմ, որ [տնտեսական] ճգնաժամի գագաթնակետը կլինի 2013 թվակաին, բոլոր վերլուծականներում… եթե դուք կարդում եք, ամերիկյան, եվրոպական [սպասվում է, որ] 2013 թվականին [կլինի տնտեսական ճգնաժամի գագաթնակետը]: Ավելի լավ է ես սպասեմ [դրան], քան չսպասեմ: Եթե դու սպասում ես, ուրեմն պատրաստվում ես, իսկ եթե չես սպասում, ուրեմն անսպասելի խնդիրներ ես ստանում»:

Գործարարի խոսքով` ինչպես եւ բոլորի պարագայում, ճգնաժամը իր բիզնեսին նույնպես խանգարում է:

«Մեր գործը բնակչության հետ է: Եթե բնակչության մոտ դրամ չկա, ուրեմն մարդիկ չեն թռչում: Հետեւաբար մեզ հետաքրքրում է, որ բնակչության մոտ շատ դրամ լինի, որպեսզի մարդիկ կարողանան շատ հանգստանալ, տներ կառուցեն եւ մեքենաներով երթեւեկեն», - ասաց գործարարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկում է նրա նշած տնտեսական ճգնաժամի գագաթնակետին ընդառաջ, Բաղդասարովը պատասխանեց. - «Ես չեմ կարող պատասխանել կառավարության փոխարեն, հարցրեք կառավարությունից»:

Այս տարվա ապրիլի 21-ին «Ժամանակ» թերթը հրապարակել էր Միխայիլ Բաղդասարովի հետ մի հարցազրույց, ուր գործարարը, մասնավորապես, ասել էր. - «Հայաստանում բիզնեսը մարզվում է: Եթե այստեղ կարողացար երկար աշխատել, ուրեմն արտերկրում կարող ես բիզնեսից մեծ շահույթներ ստանալ: Այստեղ մարզվում ենք: Եթե Հայաստանում մարդը գոյատեւում է աշխատելով զրոյով կամ փոքր պլյուսով, ուրեմն դրսում կկարողանա հսկայական շահույթով աշխատել: Ավելին` Եվրոպայում, առհասարակ արտերկրում հարկերը քիչ են, իսկ շահույթը` շատ: Հայաստանի առկա պայմանները պայմանավորված են նաեւ նրանով, որ Հայաստանը նպաստավոր պայմաններում չի գտնվում` թե' ֆինանսատնտեսական առումով, թե' շրջափակման եւ այլն, եւ այլն»:

Հարցին, թե նա դարձյա՞լ այն մտքին է, որ Հայաստանում ավելի դժվար է բիզնես անելը, քան դրսում, Բաղդասարովը պատասխանեց. - «Ցանկանում եմ նշել, որ ես իհարկե ասել եմ, բայց ոչ այն ձեւով, ինչպես թերթը ներկայացրել է: Հայաստանում ինտելեկտուալ մակարդակը բարձր է, ուստի եւ բիզնես անելը ավելի դժվար է, քան ավելի քիչ ինտելեկտուալ [մակարդակ ունեցող երկրներում]: Հայաստանի հետ կարող է համեմատվել միայն Իսրայելը, որտեղ նույնպես ինտելեկտուալ մակարդակը բարձր է: Հետեւաբար, երբ դու նորմալ աշխատում ես Հայաստանում ու Իսրայելում, քեզ համար ավելի հեշտ է աշխատել այնպիսի երկրներում, որոնք այսպես հագեցած չեն [ինտելեկտուալ առումով], ինչպես Հայաստանն է, որովհետեւ հայերը, ինչպես հրեաները, ավելի նախաձեռնող են: Դրա մասին են խոսում նաեւ արդյունքները, որովհետեւ հայերն ու հրեաները, երբ գտնվում են արտերկրում, հասնում են շատ լուրջ արդյունքների` դառնում են միլիարդատերեր, գիտնականներ, լավ երաժիշտներ, լավ շախմատիստներ: Սա խոսում է այն մասին, որ այս հին ժողովուրդների գենետիկան իրենն ասում է»:
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG