Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Այսօր որոշումներ ընդունելու ժամանակն է»


Սերգեյ Լավրովի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մոսկվայում, արխիվային լուսանկար

Սերգեյ Լավրովի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մոսկվայում, արխիվային լուսանկար

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ: Այդ մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

«Երկու տարի առաջ, հաշվի առնելով Ռուսաստանի հատուկ հարաբերությունները թե' Հայաստանի եւ թե' Ադրբեջանի հետ, Դմիտրի Մեդվեդեւը որոշել է ակտիվ եռակողմ բանակցություններ անցկացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման նպատակով: Այսօր այդ գործընթացը եզրափակիչ փուլ է հասել, եւ, ըստ էության, որոշումներ ընդունելու ժամանակն է», - ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Կազանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք արձանագրեցինք, որ երկու նախագահները հայտարարեցին, թե համաձայնեցրել են մի շարք կարեւոր հարցեր, ինչը հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման համար նախադրյալներ է ստեղծում: Այս աշխատանքը շարունակվելու է ամենամոտ ժամանակներս», - նշեց Լավրովը:

Նրա խոսքերով, Դմիտրի Մեդվեդեւը` որպես միջնորդ, որ գործում է` ունենալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունը, այսօր արդեն վերլուծել է Կազանում կայացած հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը եւ մոտ ժամանակներս որոշում կկայացնի, թե ինչ անել:

Լավրովը շեշտեց, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Դովիլում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների ընդունած հայտարարության դրույթներին:

Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրեց նաեւ, որ թե' Հայաստանի եւ թե' Ադրբեջանի նախագահները պարտավորություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում կարգավորելու վերաբերյալ:

Լավրովի եւ Նալբանդյանի ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները այսօր տեւել են մոտ մեկ ժամ: Բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ նախարարները խոսեցին մեծամասամբ ղարաբաղյան գործընթացից: Բացի այդ, այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրությունը. երկու երկրների արտգործնախարարները հանդիպումից հետո փոխանակել են փաստաթղթի վավերագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG