Մատչելիության հղումներ

Հուլիսի 6-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Եվ այսպես, սկսվել է օրենքով նախատեսված կարգով նախ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրությունը: Օմբուդսմենը, Փաստաբանների եւ վճռաբեկ դատարանի նախագահները թեկնածություններ են առաջադրում ԿԸՀ-ի համար: Թվում էր՝ դեպի իշխանություն ձգտող կուսակցությունները պետք է հիմա որեւէ այլ բանով չզբաղվեին, գիշեր ու զօր մտածեին՝ ինչ անեն, որ անդամներ ունենան հանձնաժողովներում, սակայն ոչ արմատական, ոչ կառուցողական ընդդիմությունը որեւէ փորձ անգամ չի անում՝ ընդգրկվելու այդ մարմիններում: Համենայնդեպս, մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած մրցույթին, բացի իշխանական թեկնածուներից, այլ անձ չի մասնակցում: Ավելին՝ մեր կուսակցական գործիչները մեծամտաբար հայտարարում են, թե՝ ընտրությունների ելքը ԿԸՀ-ում չի որոշվելու: Իսկ, ներեցեք, որտե՞ղ է որոշվելու: Քաղաքական ծրագիր ունեցող, իր հեռանկարի վրա աշխատող կուսակցությունները հարկ էր, որ հասկանային՝ ընտրությունների հետ կապված մանրուքներ չկան»:

«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է երեկ Հայաստանում նշված տոնին. - «Սահմանադրությունը պետք է հարգել` անկախ նրանից, թե ինչպես է այն ընդունվել: Ճիշտ է նաեւ այն, որ 2005 թվականի տեքստը շատ ավելի լավն է, քան 95 թվականինը: Բայց մեր Հիմնական օրենքի, ինչպես նաեւ բոլոր մնացած պետական ինստիտուտներին վրա «դաջված է» է ոչ լեգիտիմության խարանը, եւ դա, գումարվելով անտարբերությանը, փչացնում է Սահմանադրության օրը` որպես տոն: Ավելի շատ, սակայն, Սահմանադրությունը եւ մնացած օրենքները ստվերվում են այն պատճառով, որ դրանք չեն կատարվում: Օրինակ, Հիմնական օրենքով նախատեսված է խղճի ազատություն, բայց այն ժամանակ, երբ «սահմանադրական կարգը», իբր գործում էր, եւ հիմա, այժմյան ընդդիմության պնդմամբ, այն պետք է «վերականգնվի», գրեթե պետական, այն է` «երկրապահական» մակարդակով կազմակերպվում էր կրիշնայականների ծեծը: Ընդհանրապես, «սահմանադրական կարգը վերականգնողները» պետք է իրենց համար որոշեն, թե երբ եւ ում ջանքերով է ստեղծվել քաղաքական համակարգի «երկրապահական» [«բեսպրեդելային»] մոդելը, որը հաջողությամբ կիրառվում է մինչեւ օրս: Սահմանադրությամբ նախատեսված է խաղաղ ցույցերի իրավունքը, սակայն մարտի 1-ին այդ իրավունքը կոպտորեն խախտողները առայսօր բանտում չեն: Հիմնական օրենքով երաշխավորված խոսքի ազատությունը ոտնահարող ՀՌԱՀ անդամները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները: Դե, իսկ անկախ դատական համակարգի մասին չենք էլ խոսում: Այնպես որ` Սահմանադրության օրվա կապակցությամբ լիաթոք ուրախանալու առիթներ առանձնապես չկան»:

«Ժամանակ»-ը զրուցել է Միջազգային ճգնաժամային խբմի կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսի հետ: Հարցին, թե որքանով է մեծ պատերազմի վերսկսման հավանականությունը ղարաբաղյան համակարտության գոտում եւ հնարավոր է հարցը լուծել պատերազմական ճանապարհով, նա պատասխանում է. - «Ես եւ մեր կազմակերպությունը բազմիցս ասել ենք եւ գրել, որ հակամարտության երկու կողմերն էլ վերջին երկու տարիների ընթացքում օգտագործել են թշնամական հռետորաբանություն: Պետք է եւս մեկ անգամ ընդգծեմ, որ նոր պատերազմը բացառապես այլ բնույթի կլինի, քան նախորդը, որը տեղի է ունեցել մինչեւ 1994թ.: Եվ առաջնային պատճառը կողմերի զինվածության մակարդակն է: Դատելով մեզ հասած լուրերից` այդ զինումը շարունակվում է: Նոր պատերազմը հնարավոր է տեղի ունենա ոչ միայն Ղարաբաղի տարածքում, այլ նաեւ նրա շրջանակներից դուրս: Պատերազմը վտանգավոր կլինի նրանով, որ դրա մեջ կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան եւ անգամ Իրանը: Իսկ դա բավականին մտահոգիչ իրավիճակ է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը արձագանքել է մի խումբ մտավորականների հասարակական նախաձեռնությանը` միտված Հայաստանից արտագաղթի կանխմանը: Թերթը գրում է. - «Իրականությունն այն է, որ արտագաղթը կոնկրետ չարիք է, եւ կոնկրետ մարդիկ պատասխանատու են այդ չարիքի համար: Օրինակ` Երեւանում բացված յուրաքանչյուր սուպերմարկետ ուղղակիորեն նպաստում է 10-15 ընտանիքների արտագաղթին, որովհետեւ շրջակայքի բոլոր խանութները «տակ են տալիս», ու դրանց տերերը հասկանում են, որ այլեւս այս երկրում անելիք չունեն, միակ ելքն արտագաղթն է: Կամ, օրինակ, պետությունը «գյուղատնտեսության զարգացման համար» ինչ-որ մեկին մի հարյուր հազար դոլար վարկ է տալիս, ու արդյունքում առնվազն հարյուր հոգի արտագաղթում է, որովհետեւ այդ վարկով գործարարը «էժանով» առնում է գյուղացիների հողերը, նրանք էլ արտագաղթում են` քանի դեռ ինքնաթիռի տոմսի փող ունեն: Բա հո իրենց իսկ հողի վրա վարձու աշխատող չե՞ն դառնալու: Այսինքն` արտագաղթի համար պատասխանատու են սուպերմարկետներ կառուցողներն ու նման թույլտվություն տվողները, «խոշոր գյուղատնտեսություն» զարգացնողները եւ այլն: Բայց մարդիկ արտագաղթում են ոչ միայն ծանր սոցիալական իրավիճակի պատճառով: Մարդիկ պարզապես ապագայի նկատմամբ որեւէ հույս չունեն, այսինքն` չեն հավատում, որ հնարավոր է կարճ ժամանակում ինչ-որ բան փոխել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG